Աղմկահարույց փաստեր` Սաթիկ Սեյրանյանից

Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ  Ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը հայտարարեց, որ Հայաստանի Ժուռնալիստների միության տարածքների հիմնական մասը, կարելի է ասել, այլևս միությանը չեն պատկանում, որովհետև ժամանակին կնքվել են նվաստացուցիչ պայմաններով պայմանագրեր, որոնց լուծումը շատ բարդ ճանապարհ է իրենց խոստանում

Սեյրանյանը նշեց, որ Պուշկինի 3ա հասցերում գտնվող Ժուռնալիստների միությունը  կոմերցիոն առումով բավականին լավ վայրում է, և միության նախկին ղեկավարությունը շենքի զգալի հատվածները վարձակալության է հանձնել.

«Այս շենքում կա մի քանի վարձակալ՝ «Ֆոտոլուր» գործակալությունը, «Հելսինկյան» ընկերությունը, «Էլզա Գրիգ» անունով մի ընկերություն, «Ավանգարդ քլաբ» ընկերությունը, Լրատվամիջոցների աջակցության հիմնադրամը, «168 ժամ»-ի խմբագրությունը, նաև Արամայիս Սահակյան անհատ ձեռնարկատերն է այնտեղ բիզնես գործունեություն ծավալում։

Օրինակ՝ «Էլզա Գրիգ» ընկերությունները մինչև 2080 թվականը վարձակալել է 798,6 քառակուսի մետր տարածք 400 հազար դրամով, որի մեջ ներառված են հարկերը, իսկ տարածքի գույքահարկը ու համատիրության վճարները Միությունը պետք է կատարի։ Միայն այդ տարածքի գույքահարկը՝ մեկ տարվա համար, կազմում է 566 հազար 771 դրամ։

Սեյրանյանի խոսքով՝ Միությունը ֆինանսական մեծ միջոցներ կարող է ստանալ  և օժանդակել լրատվամիջոցներին, բայց այսօր նման հնարավորություն չունի, իսկ գույքահարկի պարտքն արդեն հասել է 3 մլն 842 հազ 262 դրամի:

Այդ տարածքների վերադարձի դեպքում կարող են գույքահարկն է՛լ վճարել, բոլոր հարկային պարտավորություններն է՛լ կատարել:

Նա նաև տեղեկացրեց, երբ նոտարից փորձել են ստանալ վարձակալության պայմանագրերը, սակայն  պարզվել է՝ Ժուռնալիստների միության վարչության անդամների ստորագրությունները կեղծված են.

«Վարչության անդամներից երկուսը, ովքեր շարունակում են աշխատանքը միությունում, փաստել են, որ իրենք չեն ստորագրել այդ փաստաթղթերի ներքո»:

Միության հետ համագործակցող փաստաբան Աղավնի Մադոյանն էլ ասաց, որ կնքված պայմանագրերում բացակայում է վարձակալի ու վարձատուի իրավունքների ու պարտականությունների արդարացի հավասարությունը։

Այս թեմայով