Այն, որ Արցախում պայթյունավտանգ է իրավիճակը, բոլորիս համար ակնհայտ է. Շ. Քոչարյան

Այն հանգամանքը, որ պայթյունավտանգ է իրավիճակը, բոլորիս համար ակնհայտ է, դրա վկայությունն են 2016 թվականի ապրիլյան դեպքերը: 

Այս մասին կառավարության նիստից հետո ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը՝ անդրադառնալով ԱՄՆ հետախուզական ծառայությունների հրապարակած զեկույցին, ըստ որի Լեռնային Ղարաբաղի շուրջ լարվածությունը կարող է վերածվել ռազմական լայնածավալ գործողությունների, և նշվում է, որ չկա երկու կողմերի պատրաստակամությունը փոխզիջումների գնալու:

«Այդ տեսակետից հայկական կողմերը միշտ պատրաստ են ցանկացած զարգացումների»,-ասաց նա:

Շավարշ Քոչարյանը նշեց, որ բավական է հիշատակել Ադրբեջանի նախագահի վերջին ելույթը, որը միանշանակ ցույց է տալիս, թե ով ինչի է պատրաստ և ով պատրաստ չէ բանակցային գործընթացում առաջ գնալուն:

«Համենայնդեպս մի բան կարող եմ ասել, որ իր այդպիսի ելույթով Ադրբեջանի նախագահը, նրանց համար, ովքեր դա չեն նկատել, փայլուն կերպով անհերքելի ապացուցեց, որ երբևիցե չի կարող Ղարաբաղը լինել Ադրբեջանի կազմում, և որ Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը անխուսափելի է»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է կարծիքներին, որ Հայաստանում խորհրդարանական համակարգն է նպաստելու, որ Ադրբեջանը գնա կոշտ միջոցների, այն առումով, որ հայտնի չէ, թե խաղաղ ժամանակ ով է լինելու բանակի գերագույն հրամանատարը, ինչը խառնաշփոթ է ստեղծելու, փոխարտգործնախարարը կոչ արեց համակարգի հետ չկապել:

«Պատմական փորձը ցույց է տվել, որ համենայնդեպս այն երկրների համար, որոնք չունեն ժողովրդավարական ավանդույթներ, կայացած հասարակարգեր, քաղաքացիական հասարակություն, պառլամենտական համակարգերն ավելի արդյունավետ են նաև անվտանգություն ապահովելու տեսակետից»,-ասաց նա և օրինակ բերեց Իսրայելը, որը թշնամական միջավայրում է, բայց խորհրդարանական երկիր է, իսկ հարևան երկրները նախագահական են:

Այս թեմայով