Առաջինը ով կազատվի աշխատանքից՝ Օսիպյա՞նը, թե՞ Վանեցյանը․ Փաշինյանը փոշմանել է

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ իր 4,5 ժամ տևած մամուլի ասուլիսի ընթացքում խոսեց մի քանի կարևոր հարցերի մասին։ Վարչապետը այս ասուլիսի ընթացքում մեսիջներ ուղարկեց նաև իր թիմին։ Վարչապետ Փաշինյանը հատկապես շեշտեց իրավապահ համակարգի դանդաղկոտությունը․«Հույս ունեմ, որ մեր իրավապահ մարմինների ներկայացուցիչները շատ երկար ժամանակ չունեն, որպեսզի ինձ և հանրությանը ցույց տան, որ իրենք իմ արած հայտարարություններից անում են հետևություններ և գործում են օրինական և արդյունավետ՝ ժողովրդից գողացվածը հետ վերադարձնելու ուղղությամբ։ Եթե էստեղ ես չտեսնեմ ռեալ փոփոխություններ, ուրեմն ես պետք է գնամ կոնկրետ քայլերի»,- ասաց Փաշինյանը։

Ասուլիսի ընթացքում վարչապետ Փաշինյանը իր այս հայտարարությամբ հող է նախապատրաստում, որպեսզի ազատվի իրավապահ համակարգի ղեկավարներից, որոնք չեն բավարարում իր սպասելիքները, կամ սկսել են անվերահսկելի դառնալ իր համար։

Փաշինյանի թիրախում առաջին հերթին հայտնվելու են ոստիկանապետ Օսիպյանը և ԱԱԾ պետը Արթուր Վանեցյանը։ Ահա հենց այս կառուցյներն են, որ պետք է «ժողովրդից թալանածը» վերադարձնեն, բայց, ինչպես Փաշինյանը նկատեց, դեռ սպասեցնել են տալիս։

Փաշինյանի ակնարկը հաստատում են նաև մեր աղբյուրները, ըստ որոնց՝ վարչապետ Փաշինյանը պատրաստվում է ազատվել ԱԱԾ պետից և ոստիկանապետից։ Նրանց պաշտոնանկությունը, իհարկե, Փաշինյանը կփորձի ներկայացնել, որպես «ժողովրդից թալանածը» դանդաղ վերադարձնելու «պատիժ», սակայն իրականում այլ պատճառներ են թաքնված դրա հետևում։

ԱԱԾ պետ Վանեցյանը վարչապետ Փաշինյանին անհանգստացնում է իր վարկանիշով, որը չի զիջում իր վարկանիշին։ Վանեցյանը իշխանության ներսում Փաշինյանից հետո երկրորդ ամենաազդեցիկ գործիչն է, և այս հանգամանքը չի կարող չանհանգստացնել օր օրի վարկանիշ կորցնող վարչապետին։ Օսիպյանի մասով Փաշինյանը կարծում է, որ իր իշխանությունը ամրացնելու համար պետք է առավել կոշտ դիրքորոշում ունեցող ոստիկանապետ։ Իհարկե, իշխանափոխությունից հետո կարևոր էր, որ նշանակվի Օսիպյանը, քանի որ նա առավել մարդկային հատկություններ ուներ և պետք է հուշեր, որ իրավիճակ է փոխվել նաև ոստիկանությունում։ Իսկ ահա իշխանափոխությունից և հնարավոր բոլոր ընտրություններում հաղթելուց հետո վարչապետ Փաշինյանին պետք է ամուր ոստիկանապետ, որպեսզի նա կարողանա անհրաժեշտության դեպքում պահել Փաշինյանի իշխանությունը։

Այս պահին, իհարկե, հստակ չէ, թե վարչապետ Փաշինայնը երբ կհայտարարի, որ դժգոհ է իրավապահ համակարգի ղեկավարներից, պարզ չէ նաև, թե առաջինը ումից կազատվի՝ Օսիպյանի՞ց, թե՞ Վանեցյանից, բայց մի բան հստակ է՝ այդ օրը սարերի հետևում չէ։

Այս թեմայով