Արցախի մանդատը որևէ երրորդ կողմի տալը կնշանակի՝ ուրիշներին փոխանցել մեր ճակատագիրը. քաղաքագետը՝ Սամվել Բաբայանի հայտարարության մասին

2020 թվականին Արցախում սպասվում են նախագահական ընտրություններ։ Ընտրություններին մասնակցության հայտ են ներկայացրել մի շարք գործիչներ, այդ թվում՝  Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը։

Օրերս «24նյուզ» լրատվականի հետ զրույցում, խոսելով Արցախի խնդրի լուծման մասին, Սամվել Բաբայանը ասել է․«․․․․Աշխարհում սուր խնդիրները լուծվում են մանդատային ճանապարհով։ Ասենք, եթե Կովկասը համարում ենք Ռուսաստանի տիրույթի տակ, ինքն ա ստեղ իշխողը՝ մանդատը վերցնում ա Ռուսաստանը, գծագրում ա մի հատ քարտեզ, որոնք որ էդ մարդիկ կամաց կամաց զարգանում են․․․․Ես այլ կերպ եմ հարցի լուծումը պատկերացնում։ Ես գտնում եմ, որ պետք է լինի մանդատային տարածք։ Հակառակ դեպքում մենք խնդիրը Ադրբեջան-Հայաստան կամ Ադրբեջան-Ղարաբաղ բանակցությամբ այդ խնդրի լուծումը չկա»։ Տեսանյութը՝ ստորև:

«Ես դա համարում եմ սխալ և անընդունելի դիրքորոշում, որովհետև Արցախի մանդատը տալ որևէ երրորդ կողմի՝ կլինի դա Ռուսաստանը, թե ՆԱՏՕ-ն, թե ԱՄՆ-ն` կապ չունի, կնշանակի՝ ուրիշներին փոխանցել մեր ճակատագիրը վճռելու իրավունքը: Դա այսպես թե այնպես սխալ է և անթույլատրելի: Առավել ևս, որևէ երաշխիք չկա, որ Ռուսաստանը այդ մանդատը կօգտագործի մեր օգտին և ոչ թե մեր դեմ».-Politik.am-ի հետ զրույցում մեկնաբանելով հայտարարությունը՝ ասաց քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը:

Ըստ քաղաքագետի՝ Սամվել Բաբայանի այդ դիրքորոշումը, տեսականորեն, կարող է դուր գալ Ռուսաստանին.«Բայց ես չեմ կարծում, թե մենք պետք է այսրոպեկան քաղաքական խնդիրների, անելիքների համար (Արցախի նախագահի ընտրությունները), վտանգենք մեր դիրքորոշումը արցախյան հարցում և ընդհանուր բանակցային գործընթացը: Արցախի իշխանությունների դիրքորոշումը վերջին 25 տարվա ընթացքում այս հարցի հետ կապված չի փոխվել, և բխել է Արցախի և հարցի խաղաղ կարգավորման շահերից»:

Այս թեմայով