«Տամոժնի» Գագոն իշխանություններին տվել է 200 մլն դոլար․ հայտնի է, թե ինչի վրա է այն ծախսվել

Առաջիկա հինգ տարում ՀՀ ԶՈՒ կարիքների համար կծախսվի հավելյալ 2,5 միլիարդ դոլար, եւ այդ գումարը վճարելու են հայտնի կոռուպցիոներները: Այս մասին դեկտեմբերի 3-ին նախընտրական հավաքի ժամանակ հայտարարել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Եթե նրանք դա կանեն կամավոր, մենք հաշվի կառնենք դա: Սա չի նշանակում, թե նշյալը թալանված գումարի ողջ չափն է».-նկատեց Նիկոլ Փաշինյանը:

Ազգային Ժողովի ընտրություններից հետո վարչապետ Փաշինյանը Ազգային Ժողովում հայտարարեց, որ նախկին կոռումպացված պաշտոնյաների կողմից պետությանը լինում են փոխհատուցումներ, որոնք չեն երևում պետական բյուջեում, և  նրանց վերադարձրած միջոցները օգտագործվում են բանակի կարիքների համար։

Politik.am-ի աղբյուրների փոխանցմամբ՝ արդեն իսկ կան նախկին չինովնիկներ, որոնք գումարներ են տվել բանակի կարիքների համար։ Նրանցից մեկը ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանն է՝ «Տամոժնի» Գագոն։

Մեր տեղեկություններով՝ «Տամոժնի» Գագոն նոր իշխանություններին փոխանցել է ավելի քան 200 մլն դոլար։ Ըստ մեր աղբյուրների՝ Փաշինյանի կառավարությունը այդ միջոցները ծախսել է ՌԴ-ից Սու-30ՍՄ  4 բազմաֆունկցիոնալ կործանիչ գնելու համար։

Այս պահին հստակ չէ, թե նոր իշխանությունները քանի նախկին չինովնիկից են նման արտադատարանական բռնագանձումներ արել, դրանք ինչպե՞ս են ծախսվում և ի՞նչ նպատակով։ Ըստ էության, հանրությունը նախկինում թալանած գումարների մեծ մասի վերադարձի մասով չի կարող վերահսկողություն իրականացնել, քանի որ դրանք կատարվում են ոչ հրապարակային և չեն գնում պետական բյուջե։

Իհարկե գովելի է, որ այդ միջոցները կոնկրետ այս դեպքում բանակի կարիքների համար են ծախսվում, բայց նման գործելակերը իր մեջ կոռուպցիոն վտանգներ է պարունակում։ Իշխանությունները պետք է վերանայեն այս գործելակերպը և փորձեն առավել թափանցիկ իրականացնել այդ գանձումները։

Այս թեմայով