Գ. Հարությունյանը ՍԴ նախագահի պաշտոնից հրաժարականի դիմում է ներկայացրել

Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Այս մասին տեղեկանում ենք ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի հայտարարությունից.

«Համաձայն «ԱԺ կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 147-րդ հոդվածի 1-ին մասի՝ հայտարարում եմ, որ 2018 թվականի մարտի 1-ին Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը ՀՀ սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնից հրաժարականի դիմում է ներկայացրել»,- ասված է հայտարարության տեքստում:

Հիշեցնենք, որ փետրվարի 27-ին խորհրդարանն ընտրեց բարձրագույն դատական խորհրդի հինգ անդամներին, ԲԴԽ-ի առաջին անդամի պաշտոնում ընտրվեց Գագիկ Հարությունյանը, որն էլ ԲԴԽ-ի նախագահի ամենահավանական թեկնածուն է: Գագիկ Հարությունյանը ՍԴ նախագահի պաշտոնը զբաղեցնում էր 1996 թվականի փետրվարի 6-ից:

Ըստ մամուլի հրապարակումների՝ ՍԴ հաջորդ նախագահ է նշանակվելու ՍԴ նորընտիր անդամ Հրայր Թովմասյանը:

 Հավելենք, որ  այսօր՝ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության սրահում, տեղի է ունեցել   Բարձրագույն դատական խորհրդի նախագահի ընտրություն: Գևորգ Դանիելյան, Ռուզան Հակոբյան, Սերգեյ Մեղրյան կազմով ստեղծվել է հաշվիչ հանձնաժողով: Գաղտնի քվեարկությամբ ընտրության արդյունքներով Բարձրագույն դատական խորհրդի նախագահ է ընտրվել պրոֆեսոր Գագիկ Հարությունյանը:

Այս թեմայով