Դատախազության պաշտոնյան իրավաչափ է որակում Փոստանջյանի նկատմամբ ոստիկանների գործողությունները

Գլխավոր դատախազության ներկայացուցիչ Սևակ Հովհաննիսյանը «Ազատության» հետ զրույցում իրավաչափ որակեց այսօր Հայաստանի հանրապետական կուսակցության Ավանի նախընտրական շտաբում ոստիկանների գործողությունները Ազգային ժողովի պատգամավոր, «Երկիր Ծիրանի» կուսակցության առաջնորդ և Երևանի քաղապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանի նկատմամբ:

«[Գլխավոր դատախազության] աշխատանքային խմբի տեսադաշտում է այդ տեսանյութը, և օնլայն ռեժիմով աշխատանքային խումբը դիտարկել է, դրա հետ կապված այս պահի դրությամբ ոստիկանության Նոր Նորքի բաժնում քաղաքացու կողմից տրվել է հաղորդում, և, բնականաբար, այդ տեսանյութի հետ կապված համապատասխան ստուգողական գործողությունները կատարվելուց հետո նոր իրավական գնահատականի մասին կարող ենք խոսել», — միջադեպի իրավական գնահատականի վերաբերյալ «Ազատության» հարցին արձագանքեց Գլխավոր դատախազության ներկայացուցիչը՝ շարունակելով․ — «Այս պահին վաղ է իրավական հարթության մեջ դատողություններ կատարելու, երբ որ կնախապատրաստվեն համապատասխան նյութեր, ձեռք կբերվեն որոշակի փաստական տվյալներ, և դրանց համակցության արդյունքում հնարավոր կլինի որոշակի իրավական գնահատական տալ»:

«Դուք տեսել եք տեսանյութը, ասացիք, ոստիկանության գործողությունները իրավաչա՞փ էին», — այս հարցին Հովհաննիսյանը պատասխանեց․ — «Իհարկե իրավաչափ էին: Այն, ինչ որ տեղի ունեցավ այնտեղ՝ շտաբից դուրս հրավիրելու շտաբում ներկա գտնվելու իրավունք չունեցող անձանց, ես կարծում եմ, որ ամբողջությամբ, համենայն դեպս՝ քրեական դատավարության օրենսդրության տեսանկյունից իրավաչափ էր»:

Այս թեմայով