«Էլիտ Գրուպի» սեփականատերը այժմ էլ Նիկոլ Փաշինյանի թևի տակ է մտնում՝ պատժից խուսափելու համար

«Էլիտ Գրուպի» դեմ մոտ մեկ շաբաթ առաջ քրեական գործ է հարուցվել, բայց միայն մի հոդվածով՝ հարկերից խուսափելու հետ կապված: Բայց դա իրենց կատարած ապօրինությունների մի փոքր մասն է միայն: Politik.am-ի հետ զրույցում ասաց «Վելես» ՀԿ-ի ղեկավար, իրավապաշտպան Մարինա Պողոսյանը:

«Նաև եղել են խարդախության և յուրացման դեպքեր, երբ բնակիչներին ակնհայտորեն խաբելով, նախապես իմանալով, որ իրենք տարածքի քառակուսի մետրերը չեն չափում, կնքել են այլ քառակուսի մետրերի վերաբերյալ նախնական պայմանագրեր, հետո, հիմնական պայմանագիրը կնքելիս պարզվել է, որ 10-20 քմ բնակարանի տարածը պակաս է»:

Մարինա Պողոսյանն ասաց նաև, որ «Էլիտ Գրուպը» ճնշումներ է գործադրում իրենց դիմած քաղաքացիների վրա.

«Օրինակ՝ մեր բարձրաձայնելուց հետո վերադարձնում են այն մարդկանց գումարները, ում մասին խոսել ենք՝ այդպիսով փորձելով «փակել նրանց բերանները»: Սրանք, իհարկե, ճղճիմ բաներ են, որովհետև իրենք 13 բազմաբնակարան շենք ունեն: Այդքանին չեն կարող ստիպել չբարձրաձայնել: Նրանց հովանավորը  Արթուր Ավդալյանն է, ով մարդասպանության համար դատապարտված է եղել նախկինում: Այսինքն՝ ինքը շատ անհաջող կերպար է, որը ևս իր ազդեցությունը ունենում է մարդկանց վրա»:

Մարինա Պողոսյանը կարծում է, որ «Էլիտ Գրուպի» սեփականատեր Արմեն Մկոյանը շարունակում է տարիներ շարունակ որդեգրած ձեռագիրը.

««Էլիտ Գրուպ»-ի սեփականատեր Արմեն Մկոյանը, ով ընդամենը մի քանի ամիս առաջ Սերժ Սարգսյանի հետ փաթաթված էր նկարվում, հիմա արդեն Նիկոլ Փաշինյանի կողքին է կանգնել: Իմ գնահատմամբ՝ իրենք ճամբարը փոխում են, որպեսզի իրենց կատարած հանցագործությունների համար քրեական պատիժ չկրեն. այն գումարները, որ իրենք մարդկանցից գողացել են և կիսվել, օրինակ, Սերժ Սարգսյանի հետ. հիմա փորձում են նույն կերպ շարունակել իրենց աշխատելաոճը: Արմեն Մկոյանը հանդիպել է նաև քաղաքապետի հետ, և ինձ համար շատ զարմանալի է, որ նման մարդիկ, որոնք ակնհայտորեն կապ ունեն «Ֆիրդուսի» իրացման գոտու խայտառակության հետ, որոնք ժամանակին Տիգրան Սարգսյանի միջոցով Համաշխարհային բանկից, անհասականալի պատճառներով միայն իրենք, ֆինանսավորվել են, այսօր մտերմություն են անում ներկա իշխանությունների հետ:

Ու այսօր, նոր իշխանությունները փորձում են նման մարդկանց իրենց թևի տակ առնել»:

Ըստ Մարինա Պողոսյանի՝ դեռ պետք է պարզել՝ ու՞մ գումարներով են կառուցվել 13 շենքերը՝ Կարեն Կարապետյանի՞, Սերժ Սարգսյանի՞, թե այլ մեկի:

Մարինա Պողոսյանն ու իր թիմը պատրաստվում են  հետևել նախաքննության ողջ ընթացքին:

Այս թեմայով