Ծնողները 7 անչափահաս երեխաների հետ Կառավարության շենքի դիմաց վարչապետի հետ հանդիպում են պահանջում

Այսօր Կառավարության շենքի դիմաց իր բողոքի ձայնն էր հնչեցնում Արագածոտնի մարզի Ոսկեվազ համայնքի բազմազավակ ընտանիքը: Յոթ անչափահաս երեխաների հայրը՝ Հովհաննես Սահակյանը, ներկայացնելով խնդիրը, ասաց, որ այստեղ են իրենց տնամերձ հողատարածքի հարցով:

Խնդիրը հետևյալն է՝ ըստ Հովհաննես Սահակյանի, իրեն պատկանող հողատարածքը դարձել են համայնքապատկան, ապա  տվել հարևանին: Ստացվում է՝ նույն հողատարածքը պատկանում է երկու տարբեր անձանց՝ հարևանների: Հովհաննես Սահակյանն ասում է՝ ինքն ունի հողատարածքի սեփականության բոլոր փաստաթղթերը, բայց համայնքապետ Հայկ Հովհաննիսյանն ասում է՝ դրանք անօրինական են, հարևանինը՝ օրինական: Ընտանիքի հայրն ասում է՝ դիմել են նաև մարզպետարանին, այլ պատկան մարմինների:

Այժմ էլ եկել են Կառավարություն՝ հույս ունենալով հանդիպել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինայնի հետ՝ ներկայացնելու իրենց խնդիրը: Հարցին, թե ինչու են բերել նաև յոթ անչափահաս երեխաներին, Սահակյանը պատասխանում է, որ ուզում են՝ վարչապետն էլ տեսնի, որ անչափահաս երեխաներ ունեն և ուզում են՝ լուծեն իրենց խնդիրը:

Այս թեմայով