Կոմպրոմա՞տ Անդրեասյանի դեմ. վարդագույն ներկի ժամանակը

karen-andreasyani-ev-n76647-1Երեկ, «Համախմբում» կուսակցության անդամ, նախկին ՄԻՊ  Կարեն ԱՆդրեասյանը անսպասելի հայտարարություն արեց: Նա իր ֆեյսբուքյան էջում քննադատորեն մոտեցավ իր կուսակցության համագործակցությանը նախկին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ.«Համաձայն չեմ «Համախմբում» կուսակցության կողմից ընտրված դաշինքի կազմին: Առավել ևս՝ ինձ համար անընդունելի է, որ դաշինքըգլխավորի պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը: Այո՛, իշխանափոխության համար լայն համախմբում է անհրաժեշտ, որի մեջ կարելի է ներառել նաև նախկինում սխալված կամ մեղքեր գործած միայն այն մարդկանց, ովքեր անկեղծորեն զղջալով՝ անցել են քաղաքական կամ իրավական քավարանով: Չի կարելի, սակայն, նույնիսկ հանուն բոլորիս երազած իշխանափոխության խառնել կոռումպացված ու չկոռումպացված մարդկանց, աշխարհաքաղաքական հակադիր կողմնորոշումները, արժեքային ծայրահեղ տարբեր բևեռները, քանի որ այդ դեպքում մեծ է պարտության հավանականությունը, ու նաև կա վտանգ, որ հաղթանակի պարագայում դևին սպանողն ինքը դև կդառնա: Անվերջանալի դատաիրավական կոռուպցիայի, չդադարող թալանի, սոսկալի անարդարությունների, համատարած աղքատության ու արտագաղթի պայմաններում միակ հույսը մնում է հեղափոխական նոր ձևաչափը»,-հայտարարել էր Կարեն Անդրեասյանը:

Կարեն Անդրեասյանի այս հայտարարությանը արձագանքեց «Համախմբում» կուսակցությունը.«Կարեն Անդրեասյանի ֆեյսբուքյան գրառման և դրա հետ կապված իր պարզաբանման մասով ընդամենը շեշտում ենք, որ դա իր անձնական որոշումն է: Պարզապես զարմանալին այն է, որ այն հիմնավորումները, որոնք նա բերում է Սեյրան Օհանյանի հետ համագործակցության հնարավոր հեռանկարի վերաբերյալ, չեն համապատասխանում իրականությանը, քանի որ կուսակցության ներսում թիմակիցների հետ քննարկման ընթացքում Անդրեասյանի բարձրացրած միակ հարցը կրել է մասնավոր, անձնական բնույթ և որևէ գաղափարական, քաղաքական, աշխարհաքաղաքական հենք չունի»,-ասվում էր կուսակցության մամուլի խոսնակի հայտարարությունում:

Իսկապես հետաքրքիր է, թե ինչու է Կարեն Անդրեասյանը այս դժվարին պահին նման հայտարարություն անում: Կարճ ժամանակ անց նա դեմ է արտահայտվում ոչ միայն Սեյրան Օհանյանին, այլև դաշինքի անդամներ Վիկտոր Դալաքյանին, Տիգրան Կարապետյանին և Պարույր Հայրիկյանին: Անդրեասյանի այս հայտարարությունը, այս պահին ոչ թե առողջ քննադատություն է, այլ հստակ հարված կուսակցությանը և կուսակցության կողմից ձևավորված դաշինքին:

«Համախմբում» կուսակցությանը մոտ կանգնած աղբյուրներն ասում են, որ հնարավոր է ինչ որ շրջանակներ ճնշումներ են բանեցնում Կարեն Անդրեասյանի վրա ու այս հայտարարությունը նման մի ճնշման արդյունք է: Մեր աղբյուրներն ասում են, որ նպատակը ձևավորված դաշինքին թուլացող կառույցի տպավորություն տալն է:

Պետք է նկատել, որ ամիսներ առաջ, երբ Կարեն Անդրեասյանը դեռևս ՄԻՊ-ն էր իր նկատմամբ քարոզչական մեծ արշավ էր սկսել ԱԺ պատգամավոր Սամվել Ֆարմանյանը, որը համարվում է Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի մտերիմը: Մամուլում նույնիսկ եղան հրապարակումներ այն մասին, որ ԱԺ-ում ՄԻՊ դեմ հայտարարությունները և քաղաքականապես նրան նվաստացնելու հետևում կանգնած է եղել հենց Միքայել Մինասյանը: Այդ ժամանակ էլ եղան հրապարակումներ, որ Կարեն Անդրեասյանի դեմ կան հեղինակազրկող նյութեր և այդ նյութերի առկայության մասին մեսինջը ՄԻՊ գրասենյակի դուռը վարդագույն ներկելն էր:  ՄԻՊ դեմ այս լայնածավալ հակաքարոզչությունից կարճ ժամանակ անց Կարեն Անդրեասյանը հրաժարական տվեց: Սա համարվեց Միքայել Մինասյանի հաղթանակ:

Հետևելով Կարեն Անդրեասյանի  այս օրերի հայտարարություններին՝ չի կարելի բացառել, որ նորից նրան հիշեցրել են վարդագույն ներկի մասին ու նա տեղի է տվել:  Իհարկե այս տեսակետները դեռևս ենթադրություններ են  և միայն Կարեն ԱՆդրեասյանը հետագա գործողություններն ու հրապարակային հայտարարությունները մեզ թույլ կտան հասկանալ, թե ինչ է իրականում կատարվում:

Այս թեմայով