Կոռուպցիայի ընկալման ինդեքսում Հայաստանը 113-րդն է՝ գլոբալ առումով վիճակը վատացել է

3935a3d3d647«Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրեց ԹԻ համաշխարհային հակակոռուպցիոն կազմակերպության Կոռուպցիայի ընկալման համաթվի 2016թ. արդյունքները:

Հոկտանյանը հայտնեց, որ կոռուպցիայի ընկալման ինդեքսում այս տարի, նախորդ 168 երկրի փոխարեն ընդգրկված է 176 երկիր, որոնց թվում Հայաստանը 113-րդն է՝ Բոլիվիայի և Վիետնամի հետ միասին:

Վարուժան Հոկտանյանն ասաց, որ գլոբալ առումով վիճակը վատացել է. «Գլոբալ իրավիճակում վատթարացում կա: Նաև հայտնեմ, որ հարցվողները գործարարներ են ու փորձագետներ, և սա ոչ մասնագետ քաղաքացիների հարցումների արդյունքը չէ: Բացասական միտումին նպաստում է նաև սոցիալական անհավասարությունն ու դրան ուղեկցող կոռուպցիան: Բոլոր երկրներում ուղիղ կապ կա աղքատության և կոռուպցիայի միջև: Որքան երկիրն աղքատ է, այնքան կոռուպցիան բարձր մակարդակի վրա է»:

Անդրադառնալով տարածաշրջանային երկրներին, Հոկտանյանն ասաց, որ վարկանիշային ցանկում Վրաստանը զբաղեցրել է 44-րդ տեղը, Թուրքիան` 75-րդ, Ադրբեջանը` 123-րդ, Իրանն ու Ռուսաստանը կիսում են 131-րդ հորիզոնականը:

Հոկտանյանն ասաց, որ վարկանիշում առաջին հորիզոնականում Դանիան և Նոր Զելանդիան են՝ 90-ական միավորով, վարկանիշային աղյուսակը եզրափակում են Հյուսիսային Կորեան՝ 12 միավորով, Հարավային Սուդանը՝ 11 միավորով և Սոմալին՝ 10 միավորով։

Այս թեմայով