«Հայք» կուսակցությունն իրեն սպիտակ ուժ է համարում և համոզված է, որ ավագանու ընտրությունների շեմն անցնելու են. Հրաչյա Սարգսյան

Գաղափարական խնդիրների առաջ քաշումը և դրանց շուրջ բանավեճը, կարծես, երկրորդ պլանում է. այսօր հրավիրված ասուլիսին նման տեսակետ հայտնեց Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող «Հայք» կուսակցության երկրորդ հորիզոնականը զբաղեցնող Հրաչյա Սարգսյանը՝ ամփոփելով քարոզարշավի առաջին փուլը:

«Մենք չենք ելել՝ կռվելու մեր գործընկերների հետ, մենք մեր տեսակետն ենք առաջ բերում, ի վերջո, սա սիրո և համերաշխության մայրաքաղաք է, մեր ժողովուրդը ոտքի կանգնեց և հաստատեց, մենք մերժում ենք միմյանց վիրավորելու մոտեցումները, չի կարելի այդպես անել, մարդիկ պետք է իրենց ծրագրերով ներկայանան»,-ասաց նա:

Հրաչյա Սարգսյանը նշեց, որ մայրաքաղաքի բյուջեն ոչ արդյունավետ է օգտագործվում, և սանիտարական, տրանսպորտի, լուսավորության խնդիրները, ճանապարհային  վիճակը պատշաճ չեն իրականացվում: «Մենք ունենք լուծումներ՝ օրինակ` արտաքին լուսավորությունը դնում ենք ժամանակակից տեխնոլոգիաների վրա՝ արևային էներգիայով լուսավորելով և բյուջեն խնայելով»,-ասաց նա:

Ըստ նրա՝ մայրաքաղաքն աղբի մեջ կորած է: «Մենք գտնում ենք, որ մեր բարձրունքում գտնվող աղբավայրը 30 մլն դոլար տարեկան կարող է ավելացնել բյուջեն»,-ասաց նա:

Տրանսպորտի հարցը, ըստ նրա, կարելի է լուծել էլեկտրատրանսպորտի միջոցով, որը նաև նախընտրելի է էկոլոգիական տեսանկյունից: Հրաչյա Սարգսյանը նշեց, որ քաղաքում պետք է տարածվի ճոպանուղին՝ որպես տրանսպորտի միջոց, և մետրոպոլիտենը զարգացում ապրի:

Հարցին, թե ինչու են պասիվ քարոզարշավ իրականացնում, և արդյոք քարոզարշավի համար նախատեսված որևէ բյուջե ունեն, ավագանու թեկնածուն նշեց, որ իրենք համեստ միջոցներ են տրամադրել: «Դեմ ենք շոուի կազմակերպմանը նաև ավագանու մակարդակով: Մեկը հարց տա՝ որտեղի՞ց ձեզ այդքան միջոց, ես դատավոր չեմ, քննիչ չեմ, ԿԸՀ-ն պետք է ճշտի՝ այս ընչազուրկ երկրում, որտեղ աղքատ են, որտեղից այդքան միջոցները, մենք գտնում ենք կխնայենք այդ միջոցները, և մի ընչազուրկ, զոհված ազատամարտիկի ընտանիք կնվիրաբերենք»,-ասաց նա և նշեց, որ մեծ պաստառ չունեն, քանի որ որոշել են իրենց շռայլություն թույլ չտալ:

Թեկնածուն ասաց, որ համոզված են շեմն անցնելու են, իսկ թե քանի տոկոսով՝ ժողովուրդը կասի: «Մենք մեզ սպիտակ ուժ ենք համարում, ինչպես Նիկոլ Փաշինյանի ուժը, եկել ենք ծրագիր ներկայացնելու, ընտրողն էլ իմանա՝ ում է ընտրում»,-ասաց նա:

«Հայք» կուսակցության ավագանու անդամ Ռուբեն Նահատակյանը նկատեց, որ ոչ մի քաղաքական ուժ արժեհամակարգից չի խոսում և միայն քաղաքային խնդիրներից են խոսում, իրենք կարևորում են հենց քաղաքակրթական շեշտադրումը:

«Երևանը համայն հայության մայրաքաղաքն ենք համարում, Երևանը պետք է դառնա հայությանն ուղղորդող կենտրոնացնող ուժը, մարդկայնության բնօրրանը, Երևանն ազգային արժեքների վերստեղծման հեղափոխության մայրաքաղաք պետք է դարձնել»,-ասաց նա:

Ըստ նրա՝ կարևոր է, որ սիրես քաղաքը: «Սիրո օրենքը տիեզերական օրենք է, և, եթե սիրում ես քաղաքդ, ուրեմն կարող ես կառավարել: Մենք հեռու ենք քրեաօլիգարխիկ պղտոր հատվածներից»,-ասաց նա:

 

Այս թեմայով