Հանուն ազատ մամուլի կայացման՝ պետությունը պետք է ամեն կերպ աջակցի նրան. «Սասնա Ծռեր»

Ներկայիս պայմաններում, երբ ազատ մամուլը դեռևս կայացած չէ և ունի պետական աջակցության կարիք, Բուզանդի 1/3 ու Իսահակյան 28 հասցեներում և Մամուլի շենքում գտնվող մի շարք լրատվամիջոցների զբաղեցրած տարածքների օգտագործման պայմաններն ու չափանիշները վերանայելու և, դրա հետևանքով՝ անհատույց օգտագործման փոխարեն վարձավճարների աճման միտումով վարձակալությամբ տրամադրելու վերաբերյալ պետության մոտեցումը խիստ մտահոգիչ է: Այս մասին հայտարարություն է տարածել «Սասնա Ծռեր» կուսակցությունը:

Հայտարարությունում նաև ասվում է.

«Ուստի ներկայիս ժողովրդավարական իշխանության առաջնային խնդիր է՝ ընդառաջ գնալ մամուլին և, հրաժարվելով առևտրային տրամաբանությամբ նրանից շահույթ կորզելու մոտեցումից, համակարգային քայլեր ձեռնարկել մամուլի ազատությունն ապահովելու ուղղությամբ:

Մասնավորապես, հանուն ազատ մամուլի կայացման, պետությունը պետք է ամեն կերպ աջակցի նրան՝ արդեն որոշակի քանակական ու որակական չափանիշներին բավարարող մամուլի միջոցներին անհատույց կերպով տրամադրելով տարածք և այլ անհրաժեշտ պայմաններ, այդ թվում՝ ֆինանսավորում: Բացի այդ, անհրաժեշտ է հատուցել այն վնասները, որ մի շարք լրատվամիջոցներ կրել են իրենց նկատմամբ նախորդ ռեժիմների վարած հանցավոր քաղաքականության հետևանքով:

Միևնույն ժամանակ՝ ազգային անվտանգության առումով հրատապ և կարևոր խնդիր է մամուլին զերծ պահել պետությանը և հասարակությանը տեղեկութային պատերազմ հայտարարած նախկին հանցավոր ռեժիմների շրջանակների, ինչպես նաև նրանց հովանավորող օտար ուժերի ապօրինի ազդեցությունից: Այս խնդիրն օր առաջ հարկավոր է լուծել մամուլի ֆինանսավորման թափանցիկության ապահովման, ինչպես նաև անցումային արդարադատության և լյուստրացիայի (այդ թվում՝ տնտեսական) մեխանիզմներով ապօրինի հարստացմամբ ձեռք բերված ֆինանսական աղբյուրները փակելու միջոցով»:

Այս թեմայով