ՀՀԿ-ական փոխնախարարը տեղյակ չէ, թե ինչ պաշտոն է զբաղեցնում

Երեկ մամուլից տեղեկացանք , որ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը որոշել է ազատվել իր տեղակալ, ՀՀԿ-կան փոխնախարար Խաչիկ Հակոբյանից:

Օրաթերթերից մեկը փորձել է հետաքրքրվել ՀՀԿ-ականից արդյոք պատրաստ է լքել իր զբաղեցրած պաշտոնը: ՀՀԿ-ական փոխնախարարը պատասխանել է.«Իմ պաշտոնը քաղաքական պաշտոն է՝ առաջադրված կուսակցության կողմից։ Երբ որ որոշում կփոխվի և որոշման մասին իմ կուսակցությունն ինձ կիրազեկի կամ հանրապետության վարչապետը համապատասխան հանձնարարություն կտա, ես շնորհակալություն հայտնելով, բնականաբար, կհեռանամ։ Այս պահին չկա նման ցուցում»,-ասել է ՀՀԿ-ական Խաչիկ Հակոբյանը։

Փոխնախարարի խոսքից հետաքրքիր եզրահանգումներ կարելի է անել: Նա, թերևս, տեղյալ չէ, որ իր զբաղեցրած պաշտոնը չի կարող լինել քաղաքական: Քանզի նա ոչ ընդունում է քաղաքական որոշումներ, ոչ էլ համակարգում է քաղաքական որոշումների իրականացումը: Հանրային ծառայության օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասի իմաստով՝ քաղաքական պաշտոններ են Հայաստանի Հանրապետության Նախագահի, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների, Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի, Հայաստանի Հանրապետության նախարարների և Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների պաշտոնները։

Իսկ նա զբաղեցնում է ընդամենը հայեցողական բնույթի պաշտոն:

Հանրային ծառայության մասին ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 6-րդ մասով, ինքն զբաղեցնում է հայեցողական պաշտոն: Այսինքն՝ նշանակովի պաշտոն, որն զբաղեցնող պաշտոնատար անձը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում ընդունում է որոշումներ և համակարգում դրանց կատարումը: Հայեցողական պաշտոն զբաղեցնող պաշտոնատար անձը կարող է փոփոխվել քաղաքական ուժերի հարաբերակցության փոփոխության դեպքում։

Սա գալիս է ապացուցելու այն փաստը, որ փոխնախարարի պաշտոն զբաղեցնող անձը չի տիրապետում առնվազն իր պաշտոնի անձնագրին վերաբերելի օրենսդրությանը, սակայն զբաղեցնում է այդ պաշտոնը:

Այս թեմայով