ՀՏ Հայկոն հնարավոր է ստանձնի ԱԺ բուֆետի կառավարումը

«Հրապարակ» օրաթերթը գրել է․

Հայտնի ռեփեր Հայկ Մարգարյանը, նույն ինքը` ՀՏ Հայկոն, հնարավոր է առաջիկայում ստանձնի ԱԺ բուֆետի կառավարումը: Երեկ նա մի խումբ երիտասարդների հետ այցելել է բուֆետ, որպեսզի հասկանա, թե ինչքանով է նպատակահարմար դրա շահագործումը: Մեր լրագրողը Հայկոյից հետաքրքրվել է, թե ինչու է ընտրել ԱԺ-ն։ Նա պատասխանել է, որ դեռեւս վերջնական որոշում չկա․ «Մտադրություն կա, բայց դեռ ուսումնասիրում ենք, որ հասկանանք՝ նպատակահարմա՞ր է, թե՞ ոչ: Երբ կլինի վերջնական որոշում, կխոսենք»: Հայկոն ասել է նաեւ, որ ինքը «Բուֆետ-ֆուշետ» ընկերություն է բացել՝ Սարյան փողոցում, հիմա ուզում է ընդլայնել գործունեությունը։ ԱԺ բուֆետի նախկին աշխատակիցները երեկ արդեն ճամպրուկային տրամադրությունների մեջ են եղել, նրանք վստահեցրել են, որ շուտով հեռանալու են: Հայկոն այս ոլորտում առաջին քայլերը չի անում․ հիշեցնենք՝ նա 90-ականների հիշողությունների վրա կառուցված «90’s Cafe-Pub»-ի համասեփականատերերից է: Իսկ ԱԺ ճաշարանը 2014-ից աշխատեցնում է «Ազգային սնունդ» ընկերությունը, որի ղեկավարությունը վիրավորված է ԱԺ ղեկավարության վերաբերմունքից, քանի որ դեռեւս 2009-ին «Ազգային սնունդ»-ին է հանձնվել, հետո ինչ-ինչ պատճառներով մի քանի անգամ հրաժարվել են, ապա նորից հետ կանչել: Տնօրենն ասել է, որ ընկերությանը չեն տեղեկացրել, որ մրցույթ են հայտարարում, որպեսզի բուֆետի շահագործման նոր ընկերություն ընտրեն:

Այս թեմայով