Մանվել Գրիգորյանը «Մարտի 1»-ի գործով հրաժարվել է ցուցմունք տալ

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ ՀՔԾ-ն «Մարտի 1»-ի քրեական գործով քննության շրջանակներում փորձել է հարցաքննել ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Մանվել Գրիգորյանին, ով հրաժարվել է ցուցմունք տալուց։ Մասնավորապես՝ վերջինս օգտվել է ՀՀ Սահմանադրության 65-րդ հոդվածով նախատեսված իրավունքից, ըստ որի՝ ոչ ոք պարտավոր չէ ցուցմունք տալ իր, ամուսնու կամ մերձավոր ազգականների վերաբերյալ, եթե ողջամտորեն ենթադրելի է, որ այն հետագայում կարող է օգտագործվել իր կամ նրանց դեմ:

Հիշեցնենք, որ Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը 2008 թվականի փետրվարի 21-ին հայտարարել էր, որ Հայաստանի պաշտպանության երկու փոխնախարարները՝ գեներալներ Մանվել Գրիգորյանը և Գագիկ Մելքոնյանը պաշտպանում են իրեն։

«Մանվել Գրիգորյանը և Գագիկ Մելքոնյանը հայտարարել են, թե կանգնած են ժողովրդի կողքին և պաշտպանելու են ժողովրդի վստահությանն արժանացած թեկնածուին»,- Ազատության հրապարակում կայացած հանրահավաքում ասել էր Լևոն Տեր֊Պետրոսյանը։

Դրանից հետո Մանվել Գրիգորյանն ու Գագիկ Մելքոնյանը պաշտոնանկ արվեցին՝ քաղաքական գործընթացներին մասնակցելու համար՝ համապատասխանաբար 2008 թվականի ապրիլի 2-ին և 2008 թվականի ապրիլի 23-ին։

 

Այս թեմայով