Միրզոյանը հանդիպել է Բունդեսթագի նախագահի հետ

Գերմանիայում մեծ ոգևորությամբ են հետևել 2018 թվականի ապրիլ-մայիս ամիսներին Հայաստանում ծավալված թավշյա հեղափոխությանը։ Նմանօրինակ հեղափոխություն աշխարհում գոյություն չի ունեցել, այս մասին ասել է Բունդեսթագի նախագահ Վոլֆգանգ Շոյբլեյը Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը։

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը գերմանացի գործընկերոջը ներկայացրել է նախորդ տարի Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության շարժառիթները, դրանց հաջորդած ժամանակաշրջանն ու դեկտեմբերին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունները, որոնք արժանացել են միջազգային դիտորդների ամենաբարձր գնահատականին:

Օրենսդիր մարմնի ղեկավարը, արժևորելով Գերմանիայի խորհրդարանական ավանդույթները, նշել է, որ Բունդեսթագի փորձը շատ օգտակար կարող է լինել Հայաստանի Ազգային ժողովի համար: Այս կապակցությամբ կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել առավել հաճախակի դարձնել թե՛ պատգամավորների, թե՛ խորհրդարանների աշխատակազմերի փոխայցելությունները:

Զրույցի ընթացքում հայկական պատվիրակության անդամները և Վոլֆգանգ Շոյբլեն քննարկել են հայ-գերմանական օրակարգին վերաբերող մի շարք հարցեր՝ Գերմանիայի կողմից ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացում, վիզաների ազատականացում, եվրոպական երկրների աջակցություն Հայաստանում ենթակառուցվածքների զարգացման գործում:

Ըստ Ազգային ժողովի տեղեկատվության և հանրության հետ կապերի վարչության՝ Միրզոյանը գերմանացի գործընկերներին առաջարկել է դիտարկել մեր երկրում հայ-գերմանական համալսարան հիմնելու հարցը, ինչն էլ ավելի կխորացնի երկու երկրների քաղաքացիների միջև հարաբերությունները:

Արարատ Միրզոյանը և Վոլֆգանգ Շոյբլեն պայմանավորվել են շարունակել կառուցողական երկխոսությունը և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի քննարկումն արդեն երեկոյան՝ ԱԺ նախագահի պատվին Բունդեսթագի ղեկավարի անունից տրվող պաշտոնական ընթրիքի ընթացքում:

Այս թեմայով