Նիկոլ Փաշինյանը ոստիկանությանը մարզում էր՝ ապագայում ավելի լուրջ ցույցեր ցրելու համար. Նարեկ Սամսոնյան

Politik.am-ը «Քաղաքացիական գիտակցության» ՀԿ ղեկավար Նարեկ Սամսոնյանի հետ զրուցել է Ազատության հրապարակում գտնվող սրճարանների ապամոնտաժման, բողոքի ակցիաների, իշխանություններին սատարող ուժերի և ոստիկանության գործելակերպի մասին: Մեր այն հարցին, թե Սամսոնյանն ինչու՞ էր հայտարարում, թե  Երևանի քաղաքապետարանի կողքին կանգնած են միայն իշխանավորները, պաշտոնյաները, Սամսոնյանը պատասխանեց.

«Ինքս եմ երեկ տեսել, թե ինչպես էին պատգամավորները արագորեն իջնում Ազատության հրապարակ: Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը փորձեց ցույց տալ, որ իրենց գործողությանը սատարում են քաղաքացիներ: Խնդրեցին, զանգեցին, և պարզվեց, որ միայն իրենց վարչական շրջանների պատասխանատուները, օգնականները, աշխատակիցներն են, հայտնի և անհայտ նախկին ակտիվիստներ, պատգամավորներ, փոխնախարարներ, որոնք հավաքվել էին և ուզում էին սատարել Վիկտոր Մնացականյանին»:

Ըստ Սամսոնյանի՝ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ունի քաղաքացիների որոշակի շրջանակի աջակցություն, բայց իշխանությանը փողոցում աջակցելու տրամաբանությունը քաղաքացիների մեծամասնությունը մերժում է, և Նիկոլ Փաշինյանը գնալով մնալու է միայն իր խմբակցության, իր վարչական շրջանների աշխատակիցների, ԱԱԾ-ի, Ոստիկանության աշխատակիցների հույսին.«Շատ շուտով՝ եթե ոչ մոտակա շաբաթների ընթացքում, ապա մի քանի ամսից, ցանկացած հաջորդ ակցիային, որում նրանք կփորձեն ժողովրդին իրար դեմ հանել, տեսնելու են, որ միայն իկրենց պաշտոնյաներն են: Մի կարևոր ակնարկ՝ պետական պաշտոնյան միշտ սուբյեկտիվ է: Նա երբեք չի կարող շարքային քաղաքացու համար դառնալ հակադրություն արտահայտող: Պետական պաշտոնյան պետք է շարքային քաղաքացու պատվերը կատարի, ոչ թե  շարքային քաղաքացու դիմաց դուրս գա ու ասի՝ մենք էլ կողմ ենք, ու սկսի բղավել, թե ինքը կողմ է քանդմանը: Այդպես չի լինում: Նրանք պատվիրակված են ժողովրդի կողմից, որպեսզի կատարեն իրենց գործը»:

Նարեկ Սամսոնյանի կարծիքը հարցրինք նաև այն մասին, թե բողոքի ակցիաների մասնակիցներից շատերը «վարձկաններ» էին.«Դա կատարյալ սուտ է, որովհետև անձամբ ես տեսել եմ այնտեղ մեծամասնությանը, շատերի հետ զրուցել եմ, ամենակատիվ բողոքի ցույց իրականացնողները ապամոնտաժվող սրճարանների աշխատակիցներն էին: Նիկոլ Փաշինյանը իր գրպանային, քաղաքական, քաղաքացիական ուժերի հետ փորձում է ստեղծել տպավորություն, որ իբր նրանք վարձկաններ են: Առաջինը այդ մասին խոսել է Դանիել Իոաննիսյանի կառույցը, որը կրծքով պաշտպանում է Նիկոլ Փաշինյանի իշխանությանը, կառավարությանը: Նրանց ասած ոչ մի խոսքի լուրջ վերաբերվել չի կարելի: Մութ սենյակում սև կատու չպետք է փնտրել: Անընդհատ իրենց դեմ այսպիսի ակցիաներ են լինելու, վիճակն անընդհատ ահագնանալու է, վերջում նրանք տեսնելու են, որ նրանց ֆրակցիան անգամ չի իջնում Բաղրամյանից՝  իրենց սատարելու: Իրենք վերջում մենակ են մնալու»:

Մեր հարցին, թե ի վերջո, «ոստիկանը մե՞րն է», իրավիճակ փոխվե՞լ է, Նարեկ Սամսոնյանը պատասխանեց.«Մի դիտարկում անեմ՝ իրականում ոստիկանը երբեք ուրիշինը չի եղել: Ոստիկանները բոլորը եղել են ժողովրդի միջից դուրս եկած մարդիկ: Երեկ տպավորություն էր, որ Նիկոլ Փաշինյանը ոստիկանությանը մարզում էր մոտակա՝ ավելի լուրջ գործողությունների համար: Երեկ էլ շատ եղան նման կարծիքներ, որ ոստիկանությունը թրեյնինգ էր անում՝ ապագայում ավելի լուրջ ցույցեր ցրելու համար: Ես կարծում եմ, որ անկախ նրանից, թե Նիկոլ Փաշինյանը ինչ հրահանգ կտա, երբ ինչպիսի ցույց կփորձի ցրել, ինչ բռնության տեսակներ կփորձի կազմակերպել, ես վստահ եմ, որ ինչ-որ x պահից ոստիկանությունը հրաժարվելու է կատարել Նիկոլ Փաշինյանի հրահանգները, և այդ ժամանակ իրենց ֆրակցիայի պատգամավորները ստիպված են լինելու մտածել՝ որտեղ թաքնվեն, որ զայրացած ժողովրդի աչքի առաջ չհայտնվեն»:

Այս թեմայով