Շուրջ 250 բնակչով գյուղի համար ճանապարհ բարեկարգելը նպատակահարմար չեն համարում

Ռոման Առաքելյան Կարմրաշենի վարչական ղեկավար

Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի Կարմրաշեն բնակավայրն ունի շուրջ 250 բնակիչ: Գյուղ տանող ճանապարհն անանցանելի վիճակում է: Բնակավայրի հեռավորությունը դեպի «արտաքին աշխարհ» (մոտակա մայրուղի) 19 կմ է, որի 11 կմ-ը վերանորոգվում է Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ, մյուս 8 կմ-ը չեն վերանորոգում՝ պատճառաբանելով բնակչության փոքր թիվը:

Politik.am-ի հարցին, թե մինչև այս պահը համայնքը ու՞մ է դիմել օժանդակության համար և նոր Կառավարությունը ինչ-որ քայլեր ձեռնարկե՞լ է, Կարմրաշենի վարչական ղեկավար Ռոման Առաքելյանը պատասխանում է.«Նոր մարզպետին էլ ենք դիմել, նոր վարչապետին էլ ենք դիմել, Տարածքային կառավարման նոր նախարարին էլ ենք դիմել, պատասխանել են, որ Համաշխարհային բանկի ներկայացուցիչները, Տրանսպորտի նախարարության աշխատակիցները եկել են, տեղում ուսումնասիրել են, բայց թե երբ են եկել, մենք չգիտենք: Բնակչության թիվը հաշվի առնելով՝ որոշել են, որ նպատակահարմար չէ ընդգրկել առաջիկա ծրագրերում»:

«Ամբողջ հարցը 8 կմ-ն է: 19 կմ-ի 11 կմ հատվածը, որ նորոգվել է, հիմա անցնում ենք 15-20 րոպեում, նույնիսկ ավելի կարճ ժամանակում, իսկ մնացած 8 կմ-ը անցնում ենք 30-40 րոպեում: Բայց կարծիքը, թե միայն Կարմրաշենի բնակիչներին են օգտվում այդ 8 կիլոմետրից, սխալ է: Նշված 8կմ ճանապարհի գրեթե 6կմ-ը միայն գտնվում է Հերհեր գյուղի վարչական տարածքում, և այդ ճանապարհից օգտվում են բոլոր հերհերցիները: Սեզոնին (մարտ-ապրիլից մինչև ուշ աշուն) բնակավայր են գալիս նաև Արարատի, Արմավիրի մարզերի բնակիչներ՝ գյուղատնտեսությամբ զբաղվելու: Մեծ է ճանապարհի կարևորությունը նաև այս տարածքում տուրիզմի զարգացման գործում».-մանրամասնում է Առաքելյանը՝ հիշեցնելով նաև, որ այս ճանապարհը Կարմրաշեն գյուղից շարունակվելով Գողթանիկ, Հերմոն, Եղեգիս, Շատին գյուղերով՝ անցնում և միանում է Գետափ-Մարտունի մայրուղուն՝ այսպիսով լինելով կարևոր ռազմավարական ճանապարհ նաև պետության համար:

Մեր հարցին, թե ձմռան ամիսներին վիճակն ինչպիսին է, վարչական ղեկավարը հետաքրքիր պատասխան է տալիս.«Ձմեռը մեզ մոտ ձյունառատ է լինում, ճանապարհի 3-4 կմ հատվածը՝ մեր գյուղից սկսած, ավելի արագ ենք անցնում, քանի որ ձյունը լցվում է փոսերն ու ավելի անցանելի դարձնում ճանապարհը, իսկ եղանակների տաքանալուն ու ձյան հալչելուն պես  ճանապարհը գրեթե անանցանելի է դառնում»:

Ռոման Առաքելյանը պատմում է, որ Շտապ օգնության ավտոմեքենաները դժվարությամբ են գյուղ հասնում, սովորաբար մինչև գալիս են, արդեն ուշ է լինում. բազմաթիվ անգամներ մարդիկ չեն սպասել շտապ օգնության մեքենային, փորձել են իրենք հիվանդին հասցնել մոտակա բժշկական կենտրոն (իսկ ամենամոտ բժշկական կենտրոնը Վայքի ԲԿ-ն է՝ 24 կմ հեռավորությամբ), սակայն ճանապարհի կեսին մարդիկ մահացել են:

Վարչական ղեկավարը ասում է, որ իրենք լավ են հասկանում, որ ասֆալտապատ ճանապարհը «թանկ հաճույք» է՝ մեծ ծախսերի հետ կապված.«Մենք, երբ ասում ենք ճանապարհ, բոլոր պաշտոնյաները մտածում են՝ ասֆալտ, բայց բոլոր ճանապարհները չեն, որ ասֆալտապատ են, և բոլոր ասֆալտապատ տարածքները չեն, որ ճանապարհ են կոչվում, ու մենք չենք էլ ասում՝ մեր ճանապարհը ասֆալտապատեք, մենք ընդամենը նորմալ երթևեկելի ճանապարհ ենք ուզում, թեկուզ գրունտային, հողային, բայց երթևեկելի ու անցանելի»:

Ըստ Ռոման Առաքելյանի՝ այդ ճանապարհի վրա վերջին անգամ մասնակի վերանորոգման աշխատանքներ կատարվել է 1990-ական թվականների վերջերին՝ Վայոց ձորի այդ ժամանակվա մարզպետ Պանդուխտ Մանուկյանի կողմից: 2012 թվականին՝ Կարմրաշենի այդ ժամանակվա նորընտիր համայնքապետ Ղամբար Ղամբարյանի կողմից, իսկ համայնքների խոշորացումից հետո վերջին երկու տարիների ընթացքում իր նախաձեռնությամբ և խոշորացված Ջերմուկ համայնքի ղեկավար Վարդան Հովհաննիսյանի օժանդակությամբ ևս կատարվել են մասնակի գրունտալցման, նորոգման աշխատանքներ, որոնք, սակայն, սպասված արդյունքը չեն տալիս՝ այդ աշխատանքները որակյալ կատարելու համար անհրաժեշտ տեխնիկաների բացակայության պատճառով:

Գյուղի բնակիչները բազմաթիվ անգամներ արդեն փորձել են տարբեր ձևերով բարձրաձայնել խնդրի մասին, սակայն ոչ միշտ է գյուղացիների ձայնը լսելի դարձել վերադաս ղեկավարությանը: Այս պահին նույնպես թե՛ Կարմրաշենի, և թե՛ հարևան համայնքների բնակիչները, որոնք նույնպես օգտվում են այդ ճանապարհից պատրաստ են ցանկացած ձևով՝ ընդհուպ մինչև քաղաքացիական անհնազանդության, պայքարելու երթևեկելի ճանապարհով ապահովված լինելու իրենց իրավունքի համար: Բոլորովին վերջերս գյուղի ակտիվ բնակիչները պատրաստվում էին միջպետական մայրուղին փակելու միջոցով խնդիրը լսելի դարձնել, սակայն, ինչպես նախկինում շատ անգամներ, այս անգամ ևս հորդորել եմ չգնալ նման քայլի և փորձել հարցին լուծում տալ քաղաքակիրթ եղանակներով: Եվ, որպես այդպիսի առաջին քայլ, առաջիկայում նախատեսում են գյուղ հրավիրել համայնքի ղեկավարին և մարզպետին՝ տեղում բնակիչների մասնակցությամբ քննարկելու և հնարավոր լուծում գտնելու ակնկալիքով:

Ստորև՝ վերը նշված դիմումն ու պատասխանը:

Այս թեմայով