Պատգամավորը մեկնաբանում է, թե ինչ տրամաբանությամբ կավելանան ճանապարհատրանսպոտային տուգանքները

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը ֆեյսբուքյան իր էջում հանդես եկավ առաջարկով՝ ավտոմեքենաների տուգանքների հետ կապված: Պատգամավորը, մասնավորապես, գրել է.

«Հարգելի վարորդներ,

Մեր քաղաքական թիմը ի սկզբանե հայտարարել է, որ մենք պետք է վերջ տանք «տուգանող ու պատժող պետություն» լինելուն։

Սրան հետեւում է, որ մասնավորապես ճանապարհատրանսպորտային տուգանքներ պետք է կիրառել բացառապես այդ խախտումները ԿԱՆԽԱՐԳԵԼԵԼՈՒ նպատակով։

Միեւնույն ժամանակ, մենք բոլորս գիտենք, որ կանխարգելիչ դրամական տուգանքները պետք է լինեն համաչափ խախտում իրականացրած անձի եկամուտների հետ, որպեսզի այդ խախտման կրկնվելու հավանականությունը քչանա։ 

Արագությունը գերազանցման համար կիրառվող 20.000 դրամը մի վարորդի համար հսկայական բեռ է, մեկ այլ վարորդի համար աննկատ գումար։

Այդ պատճառով, ես ցանկանում եմ՝ քննարկենք այն տարբերակը, որ ճանապարհատրանսպորտային տուգանքների մինիմալ չափերը առնվազն երկու անգամ կրճատվեն եւ դրանք բազմապատկվեն եկամտային գործակցի հետ։ Եկամտային գործակիցը կարելի է պայմանականորեն հաշվել մեքենայի արժեքով։

Դիցուկ, արագությունը գերազանցման համար, եթե կամայական վարորդ այժմ պետք է վճարի 10.000 դրամ, ապա իմ առաջարկած տարբերակով նա կվճարի 5.000 դրամ բազմապատկած մեքենայի արժեքի գործակցով։

Եթե մեքենան պայմանականորեն պատկանում է ամենաէժան մեքենաների դասին, ապա նա կվճարի 5000×1=5000դրամ, իսկ եթե այն պայմանականորեն ամենաթանկ մեքենան է 5000×10=50.000:

Հ.Գ. Ելակետ եմ ընդունում այն միտքը, որ որքան թանկարժեք է մեքենան, այնքան բարձր եկամուտ ունի սեփականատերը։

Հ.Գ.2: Բոլոր բերված թվերը օրինակներ են:

Հ.Գ.3 Բացի վերը նշվածից, առաջարկում եմ նաեւ որոշակի փոփոխություններ իրականացնել ճանապարհատրանսպորտային նշանների կահավորման մեջ։ Մասնավորապես, հաճախ այդ նշանները տեղադրված են ոչ թե վարորդներին օգնելու, այլեւ տուգանելու համար։ Օրինակ «համայնքայն տարածք» նշանը հաճախ դրված է արագընթաց ճանապարհի վրա, որի շուրջ համայնքի որեւէ կառույց կամ բնակավայր չկա։

Հ.Գ.4: Առաջարկում եմ նաեւ կանխիկ վճարելու մեխանիզմը վերացնել, սա պարունակում է կոռուպցիոն ռիսկ։

Ի՞նչ կարծիքներ կան»:

Politik.am-ի հետ զրույցում Վիկտոր Ենգիբարյանը ներկայացրեց որոշակի պարզաբանումներ՝ օգտատերի դիտարկումների վերաբերյալ: Անդրադառնալով հարցին, թե ինչ կլինի, օրինակ այն դեպքում, եթե խախտումը կատարի թանկարժեք մեքենայի ոչ թե սեփականատերը, այլ վարորդը, Ենգիբարյանը պատասխանեց.«Մեզ մոտ՝ Հայստանում այնպես է, որ տուգանքը ստանում է հենց սեփականատերը, ոչ թե վարորդը»:

Ըստ պատգամավորի՝ այս փորձը կա բազմաթիվ երկրներում.«Ես ուսումնասիրել եմ Դանիայի փորձը, որը շատ ավելի հարուստ պետություն է: Ամբողջ միտքն այն է, որ մենք կանխարգելենք խախտումները: Այսինքն՝ ոչ թե ելնենք այն տրամաբանությունից, թե ինչպես մարդկանց պատժենք, այլ կանխարգելենք խախտումը, որպեսզի տուգանքը խախտում իրականացնողի համար էական ազդեցություն ունենա: Օրինակ, շատ թանկարժեք մեքենայի վարորդի համար մի քանի հազար դրամանոց տուգանքը երբեք որպես կանխարգելիչ նշանակություն չի ունենա: Եվ, ճիշտ հակառակը՝ ավելի վատ սոցիալական վիճակում գտնվող վարորդը 1 խախտման պատճառով կարող է կորցնել ամբողջ օրվա աշխատավարձը»:

Ենգիբարյանը շեշտեց, որ ավելի ցածր դասի ավտոմեքենայի սեփականատերի խախտման տուգանքը պարտադիր չէ քչացնել.«Իմ ներկայացրած թվերը զուտ օրինակներ են: Կարող է մեկի տուգանքը շատանալ, բայց մյուսինը չքչանալ: Այժմ ամենը քննարկումների փուլում է, ու ինձ համար շատ կարևոր է, որ կան նաև առաջարկներ ու քննադատություններ: Մենք ուսումնասիրություններ կիրականացնենք մասնագետների հետ, որպեսզի ի վերջո հասկանանք՝ որքանով արժե նման նախագծով հանդես գալ».-ամփոփեց պատգամավորները:

Այս թեմայով