Պարզվել են Գյումրիում հոկտեմբերի 17-ին ոստիկանության ծառայողների նկատմամբ բռնություններ կատարելու դեպքի հանգամանքները

2018 թվականի հոկտեմբերի 17-ին, ուշ երեկոյան, ՀՀ ոստիկանության Գյումրի քաղաքի Կումայրիի բաժնի ՊՊԾ դասակի՝ ծառայության մեջ գտնվող 3 ոստիկաններ, Գյումրի քաղաքի Վարդանանց հրապարակում մոտեցել են մեծ արագությամբ, անվադողերի տեղապտույտից առաջացած աղմուկով շրջանաձև երթևեկած «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենային և վարորդից պահանջել վարորդական վկայական: Սակայն այդ ժամանակ նրանց մոտ կայանվել է «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենա, որի վարորդ Գ. Ա.-ն, իջնելով մեքենայից սկսել է վիճաբանել ոստիկանների հետ:

Այդ ընթացքում նույն մեքենայի ուղևոր Կ. Ա.-ն, չենթարկվելով ոստիկանների ներկայացրած՝ պատշաճ վարքագիծ դրսևորելու օրինական պահանջին, կյանքի և առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելու միջոցով, բռունցքով հարված է հասցրել ոստիկաններից մեկի դեմքին՝ պատճառելով մարմնական վնասվածք: Ապա վերջինս փորձել է դեպքի վայրից դիմել փախուստի, սակայն տեղում գտնվող և դեպքի վայր ժամանած ոստիկանները նրա նկատմամբ համաչափ ֆիզիկական ուժ գործադրելով բերման են ենթարկել ոստիկանության Գյումրի քաղաքի Կումայրիի բաժին:

Փաստի առթիվ 2018 թվականի հոկտեմբերի 18-ին Շիրակի մարզի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական   գործը և կատարվել նախաքննություն:

2018 թվականի հոկտեմբերի 20-ին և 21-ին համապատասխանաբար որոշումներ են կայացվել Կ. Ա.-ին և Գ. Ա-ին ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով որպես մեղադրյալներ ներգրավելու մասին և նրանց նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություններ են հարուցվել Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան, որոնք բավարարվել են:

Չնայած մեղադրյալներն սկզբում առաջադրված մեղադրանքներում իրենց մեղավոր չճանաչելու հանգամանքին՝ հոկտեմբերի 26-ին որպես մեղադրյալ լրացուցիչ  հարցաքննվելիս՝ նրանք իրենց լիովին մեղավոր  են ճանաչել՝ խոստովանելով, որ նրանցից մեկը  բռունցքով հարվածել է ոստիկանության աշխատակիցներից մեկի դեմքին, հրել և վայր գցել ոստիկանության մյուս  աշխատակցին, իսկ մյուսը մոտենալով ոստիկանության երրորդ աշխատակցին, բռնել նրա համազգեստից, ուժեղ թափահարել  և բռունցքով երկու անգամ հարվածներ հասցրել վերջինիս դեմքին։ Այս հանգամանքներն իրենց ցուցմունքներով հաստատել են նաև դեպքին ականատես վկաները, ինչպես նաև մեղադրյալների հետ առերես հարցաքննության ժամանակ՝ գործով  տուժող ճանաչված ոստիկանները:

Հաշվի առնելով, որ մեղադրյալներ  Կ և Գ. Ա-երը տվել  են ինքնախոստովանական ցուցմունքներ, որոնք  չեն հակասում գործով անցնող մյուս անձանց  ցուցմունքներին և այլևս առկա չէ մտավախությունը, որ մեղադրյալները մնալով ազատության մեջ, կարող  են քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու ճանապարհով խոչընդոտել մինչդատական վարույթում գործի քննությանը, այսինքն վերացել է նրանց կալանքի տակ պահելու  անհրաժեշտությունը՝ հոկտեմբերի 27-ին Շիրակի մարզի դատախազության դատախազի կողմից որոշումներ են կայացվել մեղադրյալներ  Կ.  և Գ.  Ա.-երի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը  փոփոխելու  և որպես նոր խափանման միջոց ստորագրություն չհեռանալու մասին ընտրելու վերաբերյալ:

Այս թեմայով