ՊԵԿ նախագահը ամեն բան անում է հանուն վարչապետի հրաժարականի

Երեկ տասնյակ  վաճառականներ Ազգային ժողովի մոտ ցույց էին անում՝ բողոքելով հարկային ծառայության գործողություններից: 

«Ինձ դիմել են բոլոր շուկաներից 50-50 հոգով, որ պարոն Ներսիսյան, մեզ ահաբեկում են: Շուկաների դռների մոտ կանգնում են օպերվարչության տղաներն ու աշխատողներից փաստաթուղթ են պահանջում, իսկ ով չի ունենում, 240 հազար են պահանջում: Առաջ կար կարգոներ, որոնք մարդկանց ապրանքը բերում էին, իսկ հիմա դա չկա, ապրանքը բերում է «ՆորՖոլկ Քոնսալթինգ» ընկերությունը, որը օֆշորային գոտում է գրանցված եւ վստահություն չի ներշնչում»,- ասում է «Համերաշխություն» ՀԿ նախագահ Արմեն Ներսիսյանը:

Հիշեցնենք, որ «ՆորՖոլկ Քոնսալթինգ» ընկերությունը հիմնվեց Վարդան Հարությունյանի ՊԵԿ նախագահ նշանակվելուց հետո: Հարությունյանը փակեց բոլոր կարգոները և ստեղծեց մի կազմակերպություն, որը  իր մտերիմներից մեկի ենթակայության տակ դրեց: ՊԵԿ նախագահի գործողությունները վերջին շրջանում սկսել են առավել մեծ դժգոհությունների տեղիք տալ: Նման տեմպերով շարունակվելու դեպքում ՊԵԿ նախագահի դեմ կարող են հազարավոր առևտրականներ դուրս գալ: Իսկ ՊԵԿ նախագահին դեմ դուրս գալ նշանակում է դուրս գալ վարչապետ Կարեն Կարապետյանի դեմ:

Պետք է նկատել, որ առևտրականների բողոքի ակցիաները ճակատագրական են լինում Հայաստանի վարչապետերի համար: Չպետք է մոռանալ, որ Տիգրան Սարգսյանի հրաժարականին ևս նախորդեցին դժգոհ առևտրականների բողոքի ակցիաները: Սերժ Սարգսյանը հանրային դժգոհությունը թուլացնելու համար ստիպեց վարչապետ Տիգրան Սարգսյանին հրաժարական տալ:

Հաշվի առնելով այս հանգամանքը կարելի է փաստել, որ Վարդան Հարությունյանը իր գործունեությամբ նպաստում է Կարեն Կարապետյանի հրաժարականին: Դատելով Վարդան Հարությունյանի կոշտ հայտարարություններից՝ ուղղված առևտրականներին,  կարելի է կարծել, որ Հարությունյանը ոչինչ չի խնայում հանուն վարչապետի հրաժարականի:

Այս թեմայով