Սերժ Սարգսյանը իր տեղում է, իսկ ՀՀԿ-ն գնում է բարեփոխումների․ Արմեն Աշոտյանը մանրամասններ է ներկայացնում

Երեկ մամուլում գրվեց, որ ՀՀԿ-ում իշխանափոխուջթյունից հետո առաջին անգամ ակտիվ անդամագրություն է, և անդամգրվողների զգալի մասը միջին օղակի չինովնիկներ են, ովքեր հույս չեն կապում նոր իշխանությունների հետ ու կարծում են, որ նրանք սխալ ճանապարհով են գնում։ ՀՀԿ-ում սպասվող հնարավոր փոփոխությունների և անդամագրությունների մասին Politik.am-ը կարճ զրույց ունեցավ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի հետ։

ՀՀԿ փոխնախագահը, պատասխանելով նոր անդամագրությունների և հեռացողների մասին մեր հարցին, ասաց․«Հայաստանում իշխանափոխությունից հետո ՀՀԿ-ն ենթարկվեց փորձությունների, հատկապես այդ օրերինն վերադասավորումներ, լքումներ, դավաճանություններ շատ են եղել, բայց պետք է արձանագրեմ, որ ՀՀԿ-ն որպես քաղաքական միավոր ոչ միայն պահպանեց իր դիրքերը, պահպանեց իր կառուցվածքը, պահպանեց քաղաքական կորիզը, այլ նաև հաջող հանդես եկավ խորհրդարանական ընտրություններին, որտեղ թեպետ իշխանության քմահաճույքով չհաղթահարեց 5 տոկոսը, բայց այնուհանդերձ գրանցեց չորրորդ արդյունքը և վերանվաճեց իր վստահությունը հազարավոր քաղաքացիների մոտը»,-ասաց Արմեն Աշոտյանը՝ ավելացնելով, որ ԱԺ ընտրություններից հետո ակտիվ ներհոսք է նկատվում։

Աշոտյանը նաև վստահ է, որ ներկա ներհոսքը գաղափարական գործիչների ներհոսք է․«Կուսակցությունը միշտ բաց համակարգ է եղել, իհարկե իշխանության լինելու ժամանակ շատ ավելի մեծ է եղել ներհոսքը, քան արտահոսքը։ Իշխանափոխությունից հետո արտահոսքը ուժեղացել էր, սակայն պետք է ուրախությամբ փաստեմ, որ հատկապես ընտրություններից հետո ունենք բավական տեսանելի ներհոսք։ Ունենք տարբեր նոր անդամներ, որոնք և պետական պաշտոնյաներ են, և շարքային քաղաքացիներ, և մասնավոր սեկտորում աշխատող մարդիկ։ Շատ են երիտասարդները և միջին տարիքի մարդիկ, ինչը ինձ նույնպես շատ ուրախացնում է։ Կուսակցության անդամ դառնալը հատկապես այս ժամանակահատվածում, իհարկե լրջագույն քաղաքական որոշում է պահանջում, որովհետև այսօր ՀՀԿ-ին անդամագրվելիս ակնկալիքը բացառապես գաղափարական է, բացառապես գաղափարակից լինելու պատիվն է, որովհետև չունենալով իշխանական լծակներ, լինելով արտախորհրդարանական ամենաակտիվ քաղաքական ուժը, գաղափարական պայքար է առաջարկում»։

Կուսակցությունում սպասվող կառուցվածքային փոփոխությունների և  Սերժ Սարգսյանի՝ կուսակցության ղեկավարի պաշտոնից հնարավոր հրաժարականի մասին խոսելով՝ Աշոտյանն ասաց․«ՀՀԿ-ն նաև իրականացնում է կուսակցության արդիականացման ծրագիր։ Այդ ծրագիրը իրականացվում է անցյալ տարվանից, մեր միջազգային գործընկերների օգնությամբ, հատկապես «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի օգնությամբ և գերմանական Քրիստոնեադեմոկրատական կուսակցության մասնակցությամբ։ Այդ ծրագիրը ընդգրկում է և՛ կուսակցության կառուցվածքային բարեփոխումներ, և՛ օպերացիոն աշխատանք, և՛, այսպես ասած, վարչարարության հետ կապված, ընդգրկում է հասարակության հետ աշխատանքի կոմունիկացիոն նոր արդյունավետ միջոցների օգտագործումը։ Կուսակցությունում այս աշխատանքները ամենօրյա են, կուսակցության ղեկավարը իր տեղում է և շարունակում է իրականացնել իր գործառույթները»։

Այս թեմայով