Սյունիքի ճանապարհը փակած անձինք մեր կուսակիցներն էին. Ն. Փաշինյան

Սյունեցիները չէին, մեր կուսակցության անդամներն էին: Այս մասին այսօր Երևանով շրջելիս լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով դիտարկմանը, թե երեկ սյունեցիները նորանշանակ մարզպետ Հունան Պողոսյանի նշանակմանը դեմ լինելով փակել էին ճանապարհը:

«Մենք նոր փուլ ենք մտնում, կա բարիկադներ կառուցելու ժամանակը և կա բարիկադներ ապամոնտաժելու ժամանակը. մենք հիմա մտել ենք բարիկադներ ապամոնտաժելու ժամանակը, և այստեղ Հունան Պողոսյանի անձի խնդիրը չէ, այստեղ քաղաքական ուղերձի խնդիրն է, և մեր այդ քաղաքական ուղերձն այն է, որ մենք թշնամիների, մերոնքականների և ձերոնքականների չենք բաժանելու»,-ասաց նա և նշեց, որ Հայաստանի Հանրապետությունում որևէ անթերի մարդ չկա, և անթերի նշանակումներ չեն լինելու:

Նա նշեց, որ չի հիշում որևէ նշանակում, որը բացասական արձագանք չստանա. մեկը երիտասարդ է, մեկը շատ տարիքով, մյուսը բոյով է, մյուսն այդքան էլ բոյով չէ:

«Մենք պետք է հստակ ուղերձներ հղենք, որ պատրաստվում ենք համախմբել մեր ուժը, ով ինչ արել է, նա իր արածի համար պատասխան կտա, կապ չունի՝ նա պաշտոնյա է, թե ոչ: Անցել են այդ ժամանակները, երբ պաշտոնյա լինելը նշանակում է արտոնություն օրենքի առաջ ունեցած հավասարության իմաստով»,-ասաց նա և նշեց, որ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր, արտակարգ իրավիճակների նորանշանակ նախարար Ֆելիքս Ցոլակյանի դեպքում էլ բացասական արձագանքներ եղան:

 

Այս թեմայով