Վանեցյանը «Kiton» բրենդի կեղծված և էժան տարբերակն է կրում

Politik.am-ն արդեն գրել էր, որ դեկտեմբերի 9—ին, երբ Արթուր Վանեցյանը եկել էր ընտրական տեղամաս՝ քվեարկելու, կրում էր «Kiton» բրենդի գերթանկարժեք բաճկոն։ Այս բաճկոնը բրենդի աշնանային հավաքածուից է։ «Kiton» բրենդի նույնանման, բայց արդեն ձմեռային բաճկոնը  ebay.com կայքում վաճառվում է ավելի քան 59 հազար դոլար։  Բաճկոնը, որը կրում է Արթուր Վանեցյանը, պատրաստված է կոկորդիլոսի կաշվից։ Նույն բրենդի աշնանային հավաքածուն ունի մեկ այլ բաճկոն, որի վրա ավելի քիչ կոկորդիլոսի կաշի կա, և արժե ավելի քան 37 հազար դոլար։

Մեր հրապարակումը ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից հերքվել է։ ԱԱԾ պատասխանում մասնավորապես ասվում է․«Արթուր Վանեցյանի բաճկոնն արժե ավելի քան 50 000 դոլար» վերտառությամբ հոդվածում նշված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։Նշված բաճկոնը «Առևելլի» ապրանքանիշ է, որն արտադրված է Հայաստանի Հանրապետությունում , «Արթուր Հարությունյան» ԱՁ-ի կողմից»։

Խնդրի կապակցությամբ պարզաբանում ստանալու նպատակով Politik.am-ը կապ հաստատեց նաև «Արթուր Հարությունյան» ԱՁ-ի սեփականատեր Արթուր Հարությունյանի հետ։ Մեր զրուցակիցը հաստատեց, որ Արթուր Վանեցյանի բաճկոնի վրա կա «Kiton» բրենդի ապրանքանիշը, որը, սակայն օրիգինալ ապրանքանիշից տարբերվում է իր չափով և գույնով․«Ես այդ բաճկոնը վաճառել եմ 2016 թվականին։ Այն ժամանակ շատերն էին հայտնի ապրանքանիշների կրկնօրինակներ վաճառում։ Հիմա իրավիճակ է փոխվել և նման գործունեությամբ չենք զբաղվում։ Պիջակը իմ ընկերության արտադրանքն է»,-ասաց մեր զրուցակիցը՝ ավելացնելով, որ նման հայտնի բրենդների կեղծ տարբերակներ շատ կարելի է հանդիպել Հայաստանում։ Արթուր Հարությունյանը դժվարացավ հիշել, թե 2016 թվականին ինչ գնով է վաճառել Արթուր Վանեցյանին այդ բաճկոնը։

Kiton և Kiton Napoli հանրաճանաչ ապրանքային նշանների որպես բացառիկ իրավատեր Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության (WIPO) կողմից վարվող ռեեստրում, այդ կազմակերպությանը անդամակցող տարբեր պետություններում` գրանցված է «Ciro Paone, SpA»` Իտալիայում հիմնադրված իրավաբանական անձը։

Սրանից բխում է, որ Հայաստանում որևէ ձեռնարկության (իրավաբանական անձ, անհատ ձեռներեց) կողմից, օրինական հիմունքներով, չէր կարող արտադրվել այդ ապրանքային նշանով (մասնավորապես` անվանումով և լոգոյով) որևէ ապրանք, եթե իհարկե արտադրողը` իտալական Ciro Paone, SpA կազմակերպությունը չէր, կամ իր կողմից տրամադրված ֆռանչայզինգի հիման վրա գործող մեկ այլ ընկերություն։

Այնպես որ, Հայաստանում, այսպես կոչված, հայկական արտադրության Kiton-ը կոնտրաֆակտ է, «fake» և դրա օգտագործումից պետք է առաջին հերթին խուսափեն պաշտոնյաները, քանի որ նման ֆեյք արտադրանք արտադրողները խախտվում են իրավատիրոջ մտավոր սեփականության իրավունքը, ինչը իրավական և բարոյական առումով դատապարտելի արարք է։

Ի դեպ, վերը նշված ընկերության արարքը համապատասխանմում է ՀՀ քրեական օրենսգրքի 158-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներին, ու կարող է պատժվել 500 հազար դրամ տուգանքից մինչև մեկ տարի ազատազրկմամբ։

Այս թեմայով