Վարչապետը շատ թեթև է մոտենում սեփական անվտանգությանը. Հայկ Մարտիրոսյան

Հուսով եմ, որ վաղվա հանրահավաքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կանի անախադեպ հայտարարություններ, որոնք կտրուկ են և որոնք շարունակում  են հեղափոխության սկզբնական ոգին: Այսօր տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայկ Մարտիրոսյանը,  խոսելով ՀՀ վարչապետի վաղվա կայանալիք հանրահավաքից: 

« Պետք է արվեն հայտարարություններ և հայցվի ժողովրդի աջակցությունը, ինչ-որ նոր քայլ  կատարելու համար: Եթե այդպես չլինի , որը նույնպես բացառել չենք կարող, կլինի բավականին տարօրինակ հանգամանք: Կարող է անգամ նվազել վարչապետի հանդեպ եղած վստահությունը, որովհետև մարդիկ գնում են ոչ թե հաշվետվություն լսելու այլ աջակցությունը ցույց տալու, անհրաժեշտ քայլեր կատարելու նոր մանդատ տալու համար»,-ասաց Մարտիրոսյանը:

Մարտիրոսյանն անդրադառնալով Փաշինյանի վերջին հայտարարությանը, համաձայն որի նա առաջարկում է քայլերթով Երևանի մի կետից հասնել Հանրապետության հրապարակ, նշեց, որ դա վատ միտք է, քանի որ անվտանգության տեսանկյունից շատ խնդիրներ կարող է առաջանալ:

«Կարծում եմ՝ վարչապետը շատ թեթև է մոտենում սեփական անվտանգությանը: Հեղափոխական փուլում ենք, չի կարելի նման բան անել, քանի որ վարչապետը պետք է հասկանա, որ վարչապետը միայն ինքն իրեն չի պատկանում: Ցավոք սրտի ունենք մի իրավիճակ, երբ ամեն բան կենտրոնացած է Փաշինյանի մեջ, երբ հեղափոխության հաջողությունն ու ձախողումը պայմանավորված է նրանով»,- նշեց Հայկ Մարտիրոսյանը հավելելով, որ այս պահի դրությամբ վարչապետի կարևորությունը այնպիսինն է, որ այն ուղղակիորեն փոխկապակցված է երկրի ապագայի հետ և հետևաբար նա պետք է չափազանց լրջորեն վերաբերի իր անվտանգության հետ կապված հարցերին:

 

Այս թեմայով