«Վստահ եմ՝ Ռոբերտ Քոչարյանի անձեռնմխելիությունը կհաստատվի, եթե ոչ՝ Հայաստանում, ապա Եվրոպայում». Էդվարդ Ֆիցջերալդ

168.am-ի հարցազրույցը Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի անդամ, Թագուհու Փաստաբան(QC) Էդվարդ Ֆիցջերալդի հետ

– Պարոն Ֆիցջերալդ, նախ հետաքրքիր է, թե երբվանի՞ց եք միացել Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմին, և ո՞րն է Ձեր դերակատարությունն այս գործում։

– Ես ներգրավված եմ միջազգային իրավունքի շրջանակներում խորհրդատվություն տրամադրելու մասով։ Հետագայում մասնակցելու եմ նաև Վճռաբեկ դատարանի նիստերին, իհարկե, գրանցվելով ՀՀ Փաստաբանների պալատում։

– Արդյոք 2008 թվականի մարտի 1-ին երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանիկողմից հայտարարված արտակարգ դրության ռեժիմը և ընդունվածմիջոցառումները համապատասխանո՞ւմ էին Եվրոպական կոնվենցիայիպահանջներին:

– Արտակարգ դրության հայտարարումը համապատասխանում է Եվրոպական կոնվենցիայի և այլ միջազգային փաստաթղթերով սահմանված պահանջներին, օրինակ` «Փարիզի չափանիշերին»։ Դա հիմնավորված էր և համաչափ։ Այդ լիազորությունները հստակ սահմանված են Սահմանադրության երկու հոդվածներում։ Արտակարգ դրությունն ուներ ժամանակավոր բնույթ, այն սահմանափակ էր թե՛ ժամանակի տեսանկյունից՝ 20 օր, թե՛ աշխարհագրական կիրառելիության տեսանկյունից՝ միայն Երևանում։ Հստակ տարանջատվել են այն իրավունքները, որոնք կարող էին սահմանափակվել և սահմանափակվել են, և ընդհանրապես խոսք չէր գնում այն իրավունքների վերաբերյալ, որոնք բացարձակ են։ Ընթացակարգային տեսանկյունից երկրորդ նախագահն ուղերձով դիմել էր ժողովրդին, խորհրդակցություններ ունեցել թե՛ պառլամենտի, թե՛ վարչապետի հետ, և հաջորդ օրը պառլամենտը քննարկել էր արտակարգ դրություն հայտարարելու վերաբերյալ նախագիծն ու հայտարարել, որ եղել է հիմնավորված և անհրաժեշտ։ Արտակարգ դրության հայտարարումը համապատասխանում է օրենսդրությանը, ընթացակարգային տեսանկյունից եղել է ճիշտ և համաչափ։

Պետք է տարանջատել այն միջոցառումները, որոնք նախագահը հայտարարել է իր հրամանագրով, և այն միջոցառումները, որոնք փաստացի կիրառվել են։ Նախագահը չի կարող պատասխանատվության ենթարկվել այն միջոցառումների համար, որոնք փաստացի կիրառվել են։ Իրավաբանորեն նախագահի դերը եղել է՝ իրավաբանորեն արձանագրել այն փաստը, որը տեղի էր ունենում Երևանի փողոցներում, և հայտարարել արտակարգ դրություն։ Նա չի կարող ենթարկվել պատասխանատվության այն միջոցառումների համար, որոնք իրականացվել են ոստիկանների կողմից։

– Համաձայն միջազգային լավագույն փորձի՝ արդյո՞ք զինված ուժերը կարողեն ներգրավված լինել՝ ապահովելու ներքին անվտանգությունը կամպահպանելու սահմանադրական կարգը:

– Այո։ Բոլոր եվրոպական երկրներում զինված ուժերը կարող են ներգրավված լինել նմանատիպ դեպքերում՝ ապահովելու անվտանգությունը, ներառյալ՝ ներքինը, երբ ոստիկանական ուժերը բավարար չեն՝ իրավիճակը բերելու խաղաղ հունի մեջ։ Համաձայն օրենսդրության՝ Զինված ուժերը կարող էին ներգրավված լինել՝ պահպանելու պետական շենքերը, կառույցները, և այլն, ինչը նաև ամրագրված է Հայաստանի գործող օրենսդրությամբ։

– Իսկ միջազգային իրավունքի նորմերի համաձայն՝ արդյո՞ք նախագահն իրլիազորությունների ժամկետից հետո կարող է հետապնդվել կամպատասխանատվության ենթարկվել իր կարգավիճակից բխողգործողությունների համարԱրդյո՞ք արտակարգ դրություն հայտարարելը եղելէ նախագահի լիազորությունների շրջանակում:

– Նախագահն ունի անձեռնմխելիություն նաև իր պաշտոնավարումից հետո՝ այն բոլոր որոշումների համար, որոնք կայացրել է որպես նախագահ՝ իր լիազորությունների շրջանակում։ Միջազգային իրավունքում դա կոչվում է ֆունկցիոնալ անձեռնմխելիություն։ Դա հստակորեն արձանագրված է նաև ՀՀ Սահմանադրության մեջ։ Վերաքննիչ դատարանը կիրառել է այդ ֆունկցիոնալ անձեռնմխելիությունը:

– Ձեր կարծիքով՝ խախտվե՞լ է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանիարդար դատաքննության և ազատության իրավունքը (ներառյալազատտեղաշարժը), օրինականմեղության կանխավարկածըպաշտպանությանհնարավորությունը, և այլն:

– Առաջին՝ Ռոբերտ Քոչարյանի՝ արտակարգ դրության վերաբերյալ կայացրած որոշումը չի կարող դիտվել՝ որպես քրեորեն պատժելի արարք։ Արտակարգ դրություն հայտարարելը համարել սահմանադրական կարգի տապալում անընդունելի է և սխալ։ Երկրորդ՝ քաղաքական մոտիվներն ակնհայտ երևում են տվյալ քրեական գործից։ Երրորդ՝ Ռոբերտ Քոչարյանին քրեորեն հետապնդում են գործողության համար, որն ինքը պետք է կատարեր՝ որպես ՀՀ նախագահ գործելով իր սահմանադրական լիազորությունների շրջանակում։ Ընդհանրապես մերժել են, չեն ընդունում Սահմանադրությամբ նախատեսված անձեռնմխելիության իրավունքը։

Հաշվի առնենք նաև ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի գաղտնալսված հեռախոսազրույցի բովանդակությունը, որտեղ ակնհայտ երևում է, որ ուղղակիորեն ազդեցություն է եղել Առաջին ատյանի դատարանի դատավորի նկատմամբ։ Հեռախոսային խոսակցությունից պարզ է դառնում, որ ԱԱԾ պետը միջամտել է արդարադատության կայացմանը, մասնավորապես՝ կալանավորել Ռոբերտ Քոչարյանին, չնայած, որ դատավորը համարում է, որ բավարար հիմքեր չկան։ Այդ հայտարարությունն ու այդ գործողությունները շատ մտահոգիչ են։

Վերաքննիչ դատարանի որոշումից հետո, որը հաստատեց, որ նախագահն ունի անձեռնմխելիության իրավունք, վարչապետ Փաշինյանը մեղադրեց Քոչարյանին մարդասպանության մեջ և ուղղակի սպառնաց Վերաքննիչ դատարանին։ Երբ բարձրաստիճան պաշտոնյան նմանատիպ հայտարարություններ է անում, մեղադրելով պարոն Քոչարյանին՝ այն դեպքում, երբ դեռ դատարանի որոշում չկա, ուղղակիորեն խախտում է անմեղության կանխավարկածը։

Չնայած, որ Վերաքննիչ դատարանի որոշումը եղել է վերջնական և պարտադիր, դրանից հետո իրավապահ մարմինները հրաժարվում են վերադարձնել Ռոբերտ Քոչարյանի անձնագիրը, կալանք են դրել նրա հաշիվների, անձնական գույքի վրա, և այլ ոչ իրավաչափ գործողություններ։ Ո՞րն է այդ իրավական հիմքը։ Դատարանն ասում է, որ նախագահն անձեռնմխելի է, բայց քննչական մարմինները շարունակում են նման գործողություններ կատարել, ո՞րն է հիմքը։ Դու չես կարող այդ որոշումները կայացնել, եթե դրա վերաբերյալ հիմք չունես։

– Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հղում անելով Մարտի 1-ի գործովՄարդու իրավունքների եվրոպական դատարանի կայացրած առաջին վճռին՝ասել էոր  Մարտի 1-ի գործով կայացված բոլոր վճիռներըըստ էությանհայտնվում են ապօրինի հայտարարվելու շատ կոնկրետ սպառնալիքի առաջՎարչապետը նաև նշել էոր Մարտի 1-ի գործով դատավորները պետք է հրաժարական տան և գնան տներով։ Նիկոլ Փաշինյանը՝ որպես երկրիղեկավարիրավունք ունի՞ նման հայտարարություններ անել։

– Ոչ, նման իրավունք Նիկոլ Փաշինյանը չունի։ Եթե երաշխավորում ենք դատարանների անկախությունը, ապա որևէ տեսակի սպառնալիք, միջամտում, հայտարարություն չպետք է լինի, դա իրավունքի գերակայության հիմնական պայմաններից մեկն է։ Ես տեսնում եմ սպառնալիք Հայաստանի իրավական անվտանգությանը: Իրենք կարող են բողոքարկել այդ որոշումները, դա իրենց իրավունքն է, բայց իրավունք չունեն սպառնալ դատարաններին։ Այն փաստը, որ գործադիր մարմնին դուր չի եկել այդ որոշումը, չի նշանակում՝ նմանատիպ հայտարարություններ կամ գործողություններ պետք է անել։

Վերջերս ԵՄ դատարանը Լեհաստանի գործով հստակ սահմանեց՝ ինչ է նշանակում դատարանների անկախություն, որը հստակ կիրառելի է մեր գործում։ Շատ կարևոր է, որ Հայաստանն այս փուլում հրաժարվի նմանատիպ գործողություններից։ Այն պահից, երբ սկսում ես սպառնալ արդարադատությանը, դատական համակարգին, այդ պահից իրավունքի գերակայությունը հեռանում է երկրից։

– Այս փուլում Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ) դիմելումտադրություն ունե՞ք՝ խախտումների հետ կապված։ Միջազգային որևէդատարան դիմելիս պատրաստվո՞ւմ եք հղում անել ԱԱԾ պետի և ՀՔԾ պետիգաղտնալսված հեռախոսազրույցին։

– Իհարկե, պետք է հղում կատարենք և որպես ապացույց՝ կիրառենք այն փաստը, որ պետական մարմինները, իրավապահ մարմիններն ասում են դատավորին՝ ինչ որոշում պետք է կայացնի։ Մենք հույս ունենք, որ արդարադատությունը կկայանա հայկական դատարանների կողմից, իսկ եթե ոչ, մենք իրավունք ունենք դիմել ՄԻԵԴ։ Նախադեպային իրավունքը շատ մեծ է ՄԻԵԴ-ում, որտեղ դատարանն ընդգծել է դատարանների անկախությունը, սահմանել այն սկզբունքը, որ պետական պաշտոնյաները չպետք է որոշում կայացնեն այս կամ այն գործի վերաբերյալ։ Գործադիր մարմինը կամ որևէ պետական պաշտոնյա իրավունք չունի սպառնալ, միջամտել, որևէ ազդեցություն ունենալ դատական պրոցեսին։

– Ինչպիսի՞ ելք կունենա այս գործը։

– Ես վստահ եմ, որ պարոն Քոչարյանն ունի անձեռնմխելիություն, և այն պահանջը, որ ինքն անձեռնմխելի է՝ կհաստատվի, եթե ոչ՝ Հայաստանում, ապա Եվրոպայում՝ միանշանակ։

– Հարցազրույցի գալուց առաջ ուսումնասիրում էի Ձեր գործերի շրջանակըբավականին աղմկահարույց գործերի եք մասնակցելՁեր պաշտպանյալներըհայտնի քաղաքական գործիչներտարբեր երկրների ղեկավարներ են եղել (Սիլվիո ԲեռլուսկոնիԲորիս Բերեզովսկի, և այլք)։ Ո՞ր գործն է Ձեզ համար եղելամենաբարդըկարևորը և հաջողվածը։

– Իմ ամենահաջողված գործերն այն գործերն են, որոնց ժամանակ ես օգնել եմ ժողովրդին, հասարակ քաղաքացիներին, մասնավորապես՝ միգրացիոն իրավունքի հետ կապված հարցերում, այն գործերը, որտեղ սխալ մեղադրել, դատապարտել են։ Դա ճիշտ է, ես նաև խորհրդատվություն եմ տվել այն մարդկանց, որոնք եղել են իշխանության ղեկին։ Մեր նպատակն է` պաշտպանել մեր հաճախորդին՝ ելնելով իրավունքի գերակայության սկզբունքից։ Շատ գործեր կան, որտեղ ես ներգրավված եմ եղել, և նույն հարցն է եղել, ինչ այստեղ՝ միջամտությունը դատարանների անկախությանը և անաչառությանը։

Այս թեմայով