Տղե՛րք, հասկանում եմ՝ գրեթե անհնար բան եմ պահանջում ձեզնից, բայց պարտավոր եք լրջանալ. Շարմազանովն՝ իշխանությանը

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Գրեթե անհնար բան եմ պահանջում ձեզնից, բայց պարտավոր եք լրջանալ

2018-ի մայիսից հրապարակային իմ մտահոգությունն եմ հայտնել Արցախյան կարգավորման հետ կապված:

Երբ Ալիևն ու Էրդողանը Բաքվում շքերթ էին ընդունում ու հակահայկական ելույթներ էին ունենում, ասում էի, որ Բաքուն ու Անկարան միավորվում են, իսկ Փաշինյանն ազգը բաժանում է սևերի ու սպիտակների:

Ալիևը հայտարարում էր տարածքների վերադարձի մասին, իսկ Փաշինյանը տպավորված էր նրա կիրթ ու նորմալ վարքից:

Դեսպան Միլսը խոսում էր տարածքներ խաղաղության դիմաց թեզից, իսկ Փաշինյանն այն համարում էր հեռացող դեսպանի հայտարարություն:

Ահազանգեցի, երբ Բոլթոնը Երևանում առաջարկում էր մեզ հրաժարվել մեր պատմական կաղապարներից:
Ի պատասխան՝ Նիկոլն ԱԺ-ում հայտարարեց, որ այդ հայտարարությունը վնասներ չի պարունակում:

Ահազանգում էի, երբ Ալիևն ու Մամեդյարովը 2019-ը հռչակում էին առաջընթացի տարի: Մեր կառավարությունը այդ ժամանակ էլի լռում էր:

Նիկոլի իշխանությունը նույնիսկ լռում էր, երբ դեկտեմբերի 17-ին Ալիևը բաց տեքստով չբացառեց ռազմական լուծման հեռանկարը:
Ես կոչ էի անում սթափվելու, միավորվելու ու գիտակցելու հնարավոր ռազմական բախման վտանգը, իսկ Փաշինյանի իշխանությունը խոսում էր խաղաղության մասին:

ԵԱՀԿ Մինսկի խումբը մտահոգիչ հայտարարությամբ է հանդես գալիս, իսկ Նիկոլի իշխանությունը նրան մատերի արանքով է նայում ու ասում, թե հերթական հայտարարություն է:

Ադրբեջանը մայիսից ակտիվացրել է իր հակահայկական գործունեությունը հնարավոր ուղղություններով, իսկ Փաշինյանի իշխանությունը զբաղված է սելֆի անելով, լայվ մտնելով ու ծաղիկ բաժանելով:

Տղե՛րք, լրջացեք: Հասկանում եմ, որ գրեթե անհնար բան եմ պահանջում ձեզնից, բայց պարտավոր եք լրջանալ»:

Այս թեմայով