Օրենսդրական նախաձեռնություն Արթուր Վանեցյանի դեմ․ նրա ազդեցությունը պետք է սահմանափակվի

Օրերս «Ժամանակ» օրաթերթը գրեց, որ «Իմ քայլը» խմբակցության անդամ, ճանապարհային ոստիկանության նախկին աշխատակից Արմեն Խաչատրյանը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ՝ առաջարկելով փոփոխություն կատարել Օպերատիվ հետախուզական գործունեության մասին օրենքում:Գործող օրենսդրությունը հեռախոսային խոսակցությունների գաղտնալսման իրավունք է վերապահում բացառապես Ազգային անվտանգության ծառայությանը, իսկ Խաչատրյանը առաջարկում է նման լիազորություն տալ նաև Ոստիկանությանը:

Առաջին հայացքից սա պարզ օրենսդրական նախաձեռնություն է, իսկ իրականում հիմքում ներքաղաքական մեծ կոնֆլիկտ կա։ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ազդեցիկ դեմքերի մի հատվածը, գործադիրից՝ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը կոնֆլիկտ ունեն ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի հետ։ Պատահական չէ, որ օրենսդրական  փոփոխությունը նախաձեռնել է նախկին ոստիկան։

ԱԱԾ պետը իր ձեռքի տակ եղած լիազորություններով դարձել է ամենաազդեցիկ գործիչը վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետո, ու այս հանգամանքը անհանգստացնում է շատերին։ Վանեցյանի վերջին քաղաքական հայտարարությունները  հուշում են, որ  վաղ թե ուշ նա մասնակից է դառնալու քաղաքական պրոցեսներին, և այս համատեքստում ԱԱԾ պետ լինելը նրան անհամեմատ մեծ առավելություն է տալիս։ Վանեցյանը հնարավորություն ունի տեղեկություններ հավաքել քաղաքական իշխանության ցանկացած ներկայացուցչի վերաբերյալ։

Օրենսդրական այս նախաձեռնությամբ ոստիկանությանը նման լիազորթյուններ վերապահելով՝ նոր իշխանությունները ցանկանում են բալանասավորել իրավիճակը և Արթուր Վանեցյանին զրկել իր հիմնական առավելությունից։ Նախագծի կյանքի կոչվելուց հետո ոչ միայն Վանեցյանը կարող է լսել, այլ նաև նրան կարող են լսել։ Ու այս հանգամանքը էապես փոխելու է իրերի դասավորությունը։

Նախագիծը նաև մեկ այլ հարցի պատասխան կտա՝ ազդեցի՞կ է արդյոք ԱԱԾ պետը Ազգային Ժողովում և կկարողանա՞ տապալել նախագծի ընդունումը։ Սրանք հարցեր են, որոնց պատասխաններն իմանալու համար երկար սպասել պետք չէ։

Այս թեմայով